Գլխավոր Նորություններ Կրակոց Երևանում. ինչ էր տեղի ունեցել Գրողների միության մոտ

Կրակոց Երևանում. ինչ էր տեղի ունեցել Գրողների միության մոտ

327

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 20-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով, որի ժամանակ հնչել է կրակոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ Գրողների միության շենքի մոտ, կրակոց է հնչել։

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ավդիշոևի գլխավորությամբ։ Մինչ ոստիկանները տեղում պարզում էին դեպքի հանգամանքները, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում Արաբկիրի ոստիկանություն, որ «այտային շրջանում և ձախ աչքի վերին կոպի պատռվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ Կարեն Ղ-ն է, և նա Գրողների միության մոտ հնչած կրակոցի հետևանքով է վնասվածք ստացել։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում առաջին անհրաժեշտության բուժօգնություն ստանալուց հետո նա «ձախ աչքի վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Կարեն Ղ-ի հետ Բաղրամյան պողոտայում՝Գրողների միության մոտ, վիճաբանել է Կոտայքի մարզի բնակիչ Դենիս Ա-ն, որի ժամանկ էլ վերջինս իր մոտ եղած ատրճանակով կրակել է Կարեն Ղ-ին՝ պատճառելով վնասվածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 22-ին, Դենիս Ա-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: