Գլխավոր Նորություններ Արմեն Սարգսյանն ընտրեց անբարո ճանապարհներց ամենաեղկելին` վախկոտ դասալիքի ճանապարհը. Նաիրա Զոհրաբյան

Արմեն Սարգսյանն ընտրեց անբարո ճանապարհներց ամենաեղկելին` վախկոտ դասալիքի ճանապարհը. Նաիրա Զոհրաբյան

837

Իր նախագահության ողջ ընթացքում Արմեն Սարգսյանն իրեն պահեց լեգիոների նման, ում կապը Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ ամրագրվում էր բացառապես անձնագրում ազգության մատնանշմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ իր գրառումը վերնագրելով. «Հրաժեշտ նախագահին»:

Նա, մասնավորապես, նշել է. «Արմեն Սարգսյանին առաջին անգամ հանդիպել եմ Լոնդոնում: Տպավորությունս դրական էր. կիրթ, գիրք կարդացած մարդ, անգամ քննարկեցինք Օքսֆորդում Սամվելի անգլո-ամերիկյան պեոզիայի թարգմանության օրեր անենք: Անկեղծ տպավորված էի, որ համատարած էս մարտնչող տգիտության մեջ կա մարդ, ում հետ կարող ես խոսել Ջոն Դոնից եւ Սիլվիա Փլաթից:

Ու արդեն հասկացաք, որ ես իմ մեծ լուման ունեմ Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում կողմ քվեարկելու հարցում:

Սատիրիկ Կնիշեւն ասում էր` կան մարդիկ, որոնց ինտելիգենտությունն օգտագործելուց առաջ նրանց, ինչպես շշի տարան, պետք է թափահարել:

Իր նախագահության ողջ ընթացքում Արմեն Սարգսյանն իրեն պահեց լեգիոների նման, ում կապը Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ ամրագրվում էր բացառապես անձնագրում ազգության մատնանշմամբ: Արմեն Սարգսյանը առնվազն մի քանի ոսկե հնարավորություն ուներ ապացուցելու, որ տարբերվում է ղեկավարման գեղցի եւ հիստերիկ տեսակից:

Արմեն Սարգսյանը յուրաքանչյուր անգամ բաց թողեց քինախնդիր գեղցիներից ու էժանագին չտեսներից տարբերվելու իր շանսը:

Երբ մեր հասարակությունը անխնա բաժանվում էր սեւերի ու սպիտակների, երբ եղբորը հանեցին ու շարունակում են հանել եղբոր դեմ, երբ երկրի կառավարումը իջեցված է քաղաքական հաշվեհարդարների մակարդակի, Արմեն Սարգսյանը կարող էր գոնե փորձ անել կասեցնելու էս համատարած բարոյական ապոկալիպսիսը, որի դիմաց Հայաստանը առաջիկայում շատ թանկ գին է վճարելու: Արմեն Սարգսյանն ընտրեց դիտորդ լեգիոների կարգավիճակը, ում համար կարեւորն իր բիզնեսների առողջական եւ ֆինանսական վիճակն է:

Արմեն Սարգսյանն ընտրեց անբարո ճանապարհներց ամենաեղկելին` վախկոտ դասալիքի ճանապարհը, ամեն օր կիլոմետրերով լքելով իրեն վստահված դիրքերն ու բամբուկի շյուղի պես ճկվելով իրեն ամեն օր նվաստացնողի եւ իրենից վաղուց արդեն անգլիական հարած պուդինգ սարքածի առաջ:

Երեկ Հայաստանի դե յուրե նախագահ Արմեն Սարգսյանին անցկացրեցին նվաստացման հերթական ծեսի միջով. ստիպեցին գիշերը ժամը 12 անց 47 րոպեին ստորագրել Սահմանադրական փոփոխությունները ստորագրելուց նախագահին, այսինքն` ինքն իրեն այդ լիազորությունից զրկելու օրենքի նախագիծը: Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ժամը 12 անց 47 րոպեին ստորագրեց սեփական ինքնաոչնչացման արձանագրության տակ ու սեղմեց ինքնաոչնչացման պուլտը:

Հայաստանի Հանրապետությունը նախագահ չունի ոչ միայն դե ֆակտո, այլ նաեւ արդեն դե յուրե:

Ակադեմիկոս Լիխաչովն ասում էր` «շատերը կարծում են ինտելիգենտ մարդը նա է, ով շատ գրքեր է կարդացել, շատ ճանապարհորդել է, լավ կրթություն է ստացել։ Ոչ, ինտելիգենտությունը անտարբեր չլինելու եւ իրականությանն ադեկվատ արձագանքի մեջ է»։ Ակադեմիկոս Լիխաչով, դուք միանգամայն իրավացի եք:

Ժամանակին, երբ Մանվել Գրիգորյանին բռնեցին զինվորի հացը գողանալու մեջ, ես ԱԺ ամբիոնից ասացի, որ Մանվել Գրիգորյանը միայն մեկ տարբերակ ունի սպայի իր պատիվը փրկելու համար, ուստի իր խցում մի ատրճանակ դրեք:

Մինչ երեկ ես Արմեն Սարգսյանին խորհուրդ կտայի անհապաղ հրաժարական տալ ու փորձել փրկել Բրիտանական աստղագիտական ընկերության անդամի իր համբավը:

Երեկ, ժամը 12 անց 47 րոպեին Արմեն Սարգսյան գործիչը, հայը, լավ կրթություն ստացած մարդը ինքնաոչնչացվեց: Արմեն Սարգսյանի մասին այլեւս ոչ մի բառ: Ես բարեկիրթ մարդ եմ ու ինձ համար կա հայտնի ոսկե կանոնը` հանգուցյալների մասին կամ լավ, կամ ոչինչ:

Երեկ ժամը 12 անց 47 րոպեին հայ ժողովրդի մի մեծ հատված վերջին հրաժեշտը տվեց նախագահ Արմեն Սարգսյանին:

Հուսանք, որ բիզնեմեն եւ ֆիզիկոս Արմեն Սարգսյանի ճակատագիրը շատ ավելի հաջողակ կլինի»: