Գլխավոր Նորություններ Բնակարաններ` Ֆրանսիայում, Երեւանում, բազմաթիվ հողեր. ՍԴ դատավորների ունեցվածքը

Բնակարաններ` Ֆրանսիայում, Երեւանում, բազմաթիվ հողեր. ՍԴ դատավորների ունեցվածքը

303

Ազգային ժողովն այսօր քննարկում է Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Երկրորդ ընթերցումը կլինի 3 ժամից:

Երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո կդադարեն Սահմանադրական դատարանի ամբողջ կազմի լիազորությունները:

Araratnews.am-ը ներկայացնում է դատավորների ունեցվածքը` հղում անելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը 2019 թ-ին հայտարարագրել է մեկ ավտոտնակ, երեք հողամաս եւ մեկ անհատական բնակելի տուն իր ծննդավայրում` Դարակերտում, երկու բնակարան՝ Երեւանում: 2019 թ-ի սկզբին Հրայր Թովմասյանը բանկում 60.000 դոլարի չափով ավանդ է դրել: Բանկային հաշիվների մնացորդներն առանց ավանդի 2019 թ-ին եղել են 3,207,695 դրամ եւ  5,788 դոլար: Սահմանադրական դատարանի նախագահի կանխիկ դրամական միջոցները եղել են 26,000,000 դրամ եւ 22,000 դոլար:

Ըստ հայտարարագրի` Հրայր Թովմասյանի եկամտի աղբյուրը եղել են տրված փոխառություններից ստացված տոկոսը` 1398 դոլար, աշխատավարձը, դրան հավասարեցված վճարումները, այլ եկամուտներ` 15 320 831 դրամ:

Հրայր Թովմասյանի կինը` Լամարա Խուդավերդյանը, 2019 թ. հայտարարագրել է ժառանգություն ստացած երկու անհատական բնակելի տուն Տավուշում  եւ համատեղ սեփականությամբ մեկ բնակարան Երեւանում:

Հրայր Թովմասյանի դուստրը` Մերի Թովմասյանը, 2019 թ-ին նվիրատվություն է ստացել մեկ ավտոտնակ, տարվա սկզբին ունեցել է 2,505.85 դոլար բանկային հաշվի մնացորդ, տարվա վերջին` 29.08 ցենտ:

Մյուս դուստրը` Գոհար Թովմասյանը, 2019 թ-ին նվիրատվությամբ ստացել է «Նիսսան» մակնիշի մեքենա: Դրամական միջոցներ, անշարժ գույք, բանկային հաշիվներ հայտարարագրում չկան:

Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը 2019 թ-ին հայտարարագրել է համատեղ սեփականությամբ երկու բնակարան, որոնցից մեկը` Ֆրանսիայում, մեկը` Երեւանում,  համատեղ սեփականությամբ մեկ ավտոտնակ, երկու հողամաս, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա:

Դատավորի արտարժույթով ավանդները նախորդ տարվա վերջին եղել են 24345 եվրո: Բանկային հաշիվների մնացորդները նախորդ տարի 11314 եվրո եւ 1,434,000 դրամ: Կանխիկ դրամը 2019 թ-ին եղել է 6,200 եվրո: Դատավորի եկամտի աղբյուրը 2019 թ-ին եղել է աշխատավարձը, դրան հավասարեցված վճարումները, վարձակալությունից եւ փոխառությունների ստացված գումարը` 19 724 692 դրամ եւ 4776,29 եվրո:

Դատավորի  ամուսինը` Արիստակես Սողոմոնյանը, հայտարարագրել է 3,000 եւ  23,383 եվրոյի չափով ավանդներ:  Բանկային հաշիվների մնացորդները  2019 թ-ի վերջին եղել են 765 եվրո, 384,915 դրամ: Կանխիկ գումարը եղել է 6,500 դոլար: Դատավորի ամուսինը նախորդ տարի եկամուտ ստացել է աշխատավարձից, վարձակալությունից, փոխառություններից, կենսաթոշակից` 5 126 855 դրամ եւ 4259 եվրո:

Սահմանադրական դատարանի մյուս դատավորը` Արման Դիլանյանը, 2019 թ-ի վերջին հայտարարագրել է արտադրական նշանակության տարածք եւ անհատական բնակելի տուն, 4,600,000 դրամ, 45,000 դոլար եւ 38,000 եվրո: Դատավորի եկամտի աղբյուրը եղել են աշխատավարձությունն ու վարձակալությունից ստացված գումարները` 19 880 389 դրամ:

Դատավոր Արման Դիլանյանի կինը` Նաիրա Ալեքսանյանը, նախորդ տարի հայտարարագրել է բաժնային սեփականությամբ բնակարան Երեւանում, համատեղ սեփականությամբ անհատական բնակելի տուն: Նախորդ տարվա վերջին դատավորի ավանդի չափը եղել է 6,480 դոլար: Բանկային հաշվի մնացորդը եղել է 19,330 դոլար:  Եկամտի աղբյուրը եղել է աշխատավարձը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից 216,000 դրամ ստացված եւ ամուսնուց ստացած նվիրատվությունը 10,000 դոլար:

ՍԴ մյուս դատավոր Արայիկ Թունյանը 2019 թ-ին հայտարարագրել է համատեղ սեփականությամբ բնակարան, երկու հողամաս, շինություններ, «Գազ» մակնիշի մեքենա, բանկային հաշվի մնացորդ` 3,747,000 դրամ:

Դատավորի կանխիկ դրամը  2019 թ-ի վերջին եղել է 120.000 դրամ, 3,100 դոլար, 2000 եվրո:  Դատավորի եկամտի աղբյուրը անցյալ տարի եղել է աշխատանքի վարձատրությունն ու փոխառությունը` 30 165 677 դրամ:

Դատավորի կինը` Հասմիկ Օլոյանը, հայտարարագրել է համատեղ սեփականությամբ հողամաս, 420,000 դրամ բանկային հաշվի մնացորդ  2019 թ. վերջին, 2,900 դոլար կանխիկ դրամ: Եկամտի աղբյուրը եղել է  «Գազպրոմ Արմենիա»-ից ստացած աշխատավարձը` 2,699,896 դրամ:

Հրանտ Նազարյանը` ՍԴ-ի մյուս դատավորը, 2019 թ-ին հայտարարագրել է մեկ բնակարան եւ ավտոտնակ, 8,867 դրամ  եւ 28.50 եվրո բանկային հաշվի մնացորդ նախորդ տարվա վերջին, 2,150 եվրո կանխիկ դրամ:

Դատավորի եկամտի աղբյուրը 2019 –ին եղել են աշխատանքի վարձատրությունն ու փոխառությունները` 16466507 դրամ:

Վահե Գրիգորյան: ՍԴ-ի այս դատավորը նշանակվել է հեղափոխությունից հետո: Նա հայտարարագրել է 8,550,000 դրամ փոխառություն, 1,870,000 կանխիկ դրամ 2019 թ-ի վերջին:

Դատավորի եկամտի աղբյուր 2019 թ-ին եղել է աշխատանքի վարձատրությունից եւ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից` 7 599 448 դրամ:

Վահե Գրիգորյանի կինը` Ծովինար Բաբայանը, 2019 թ-ին հայտարարագրել է բնակարան, 25.000 դոլար փոխառություն տարվա վերջին: Ծովինար Բաբայանի բանկային հաշիվը տարվա վերջին եղել է 23683 ֆունտ ստեռլինգ, 870,582 դրամ եւ 193 դոլար: Ծովինար Բաբայանի եկամտի աղբյուրը եղել է աշխատանքի վարձատրությունը` 8,809,767 դրամ:

Ուշագրավ է նաև ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանի ունեցվածքը: 2019 թ-ին դատավորը հայտարարագրել է բաժնային սեփականությամբ անհատական բնակելի 2 տուն, 13  հողամաս Գավառում, արտադրական շինություն,  գյուղտեխնիկա`ժառանգությամբ ստացված, բանկային հաշիվներ, 3,672,711 դրամ եւ 44 դոլար, 3,800,000 դրամ կանխիկ դրամ:

Դատավորի եկամտի աղբյուրը եղել է աշխատանքի վարձատրությունն ու դրան հավասարեցված վճարումները` 16 717 601 դրամ:

Դատավորի կնոջ` Ռուզաննա Համբարձումյանի  հայտարարագիրը բավական համեստ է: Նա հայտարարագրել է 156,717 դրամ բանկային հաշիվ, 180,000 կանխիկ դրամ: Դատավորի կինը եկամուտ ստացել է աշխատանքի վարձատրությունից` 401,386 դրամ:

Դատավոր Արևիկ Պետրոսյանը 2019 թ-ի վերջին հայտարարագրել է նվիրատությամբ ստացած բնակարան, 62,261.83 միլիոն դրամ բանկային հաշիվ, 38,000,000 կանխիկ դրամ:

Դատավորի եկամտի աղբյուրը նախորդ տարի եղել է աշխատանքի վարձատրությունն ու դրան հավասարեցված վճարումները` 14102725 դրամ:

ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը 2019 թ-ի վերջին հայտարարագրել է միանձնյա եւ բաժնային սեփականությամ մեկական բնակարան, միանձնյա սեփականությամբ ավտոտնակ, 51,203 դոլար բանկային ավանդ, 2 300.000 բանկային հաշիվ, 2 500.000 մլն դրամ եւ 5000 դոլար կանխիկ դրամ: Դատավորի եկամտի աղբյուրը եղել է աշխատանքի վարձատրությունը, կենսաթոշակը, այլ եկամուտներ`18 387 585 մլն դրամ եւ 51 203 դոլար:

Դատավորի կինը`Մարինե Թոխյանը, 2019 թ-ին հայտարարագրել է 12,286 դոլար եւ 833,000 դրամ փոխառություն, 12,500 դոլար եւ 5,000 եվրո ավանդ: Տիկին Թոխյանի բանկային հաշիվը 2019 թ-ի վերջին եղել է 1,003,945 դրամ եւ 3,143 դոլար: Դատավորի կնոջ կանխիկ դրամը եղել է 400,000 դրամ, 3,000 եվրո եւ 500 դոլար: Դատավորի կինը եկամուտ ստացել է աշխատավարձից, փոխառություններից, որոնց հանրագումարը եղել է 1 743728 դրամ եւ 12 283 դոլար: