Գլխավոր Նորություններ Արսեն Թորոսյանը վաղը սենսացիոն հայտարարություն կանի

Արսեն Թորոսյանը վաղը սենսացիոն հայտարարություն կանի

962

Հուլիսի 3-ին, Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի կաշառք վերցնելու գործով դատական նիստին ներկայանալու է նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հրապարակ»-ը տեղեկացրել էր, որ Արսեն Թորոսյանը դատարանում շատ կարեւոր ցուցմունք է տալու, որը շրջելու է դատաքննության ընթացքը։ Մեր աղբյուրներն ասում են, որ նա որոշել է հնարավորինս նպաստել, որ իր նախկին տեղակալի նկատմամբ հնարավորինս մեղմ դատավճիռ կայացվի: Նախարարն, ըստ որոշ լուրերի, հնարավոր է դատարանում հայտարարի, որ իր տեղակալը չէր կարող ինքնուրույն՝ առանց նախարարի հետ համաձայնեցնելու և համապատասխան հրաման ձևակերպելու որևէ բժշկական կազմակերպության պետպատվերն ավելացնել, ուստի, այն արաքը, որը կատարել է Արսեն Դավթյանը՝ գումարի դիմաց խոստանալով բարձրացնել Հանրապետական ծննդատանը հատկացվող պետպատվերի ծավալը, ոչ թե կաշառք է, այլ խարդախություն, որը կատարվել է ոչ թե փոխնախարարի, այլ մյուս մեղադրյալի՝ Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կողմից: Սույնով նախկին փոխնախարարի արարքը ավելի մեղմ որակում է ստանում, քանի որ կաշառքը համարվում է առավել ծանր հանցագործություն՝ դատապարտման ավելի երկար ժամկետով, և որի վրա չի ազդում նույնիսկ համաներումը: Սա ինչ է նշանակում՝ շնորհակալություն նախկին տեղակալին «լռության» դիմա՞ց։ Թե որքանով է հավանական այս սցենարը, կիմանանք վաղը: Մեր աղբյուրները պնդում են, որ ամեն դեպքում ցուցմունքը լինելու է սենսացիոն եւ դատաքննության ելթի համար վճռորոշ։