Գլխավոր Նորություններ Ողբերգական վրաերթ Երևանում. Հետիոտներից մեկը մահացել է. ՖՈՏՈ

Ողբերգական վրաերթ Երևանում. Հետիոտներից մեկը մահացել է. ՖՈՏՈ

29

Հուլիսի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 32-ամյա Աշոտ Ավետիսյանը իր վարած Nissan մակնիշի 69 AV 669 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները վրաերթի ենթարկվածներին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Գագիկ Սերոբյանը և տեսուչ Ղուկաս Սարգսյանը: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածները ամուսիններ են: Մինչ դեպքի վայրում աշխատում էր հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վրաերթի ենթարկվածներից 41-ամյա Արթուր Շ.-ն գիտակցության չգալով ՝ մահացել է:

Տեղեկությունը Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժն պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Համզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: