Գլխավոր Նորություններ Չարենցավանի քաղաքապետը վարակվել է կորոնավիրուսով

Չարենցավանի քաղաքապետը վարակվել է կորոնավիրուսով

60

Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց քաղաքապետ Շահգալդյանը:

«Այո, չնայած թեստ չեմ հանձնել, սակայն 2 օր առաջ ԿՏ-ով հաստատվեց, որ թոքաբորբ եմ: Թեստի անհրաժեշտություն նույնիսկ չկար, քանի որ սիմպտոմները լրիվ համընկնում էին: Ամսի 3-ից համի հոտի զգացման կորուստ ունեի, ջերմում էի, զգացի, որ գնալով բարձրանում է, դիմեցի բժշկի, հետազոտություններ անցա և ըստ այդմ արեցին նշանակումներ»,-պատմեց քաղաքապետը:

Նրա խոսքով՝ քանի որ ախտանշաններն արդեն իսկ հուշում էին, որ իր մոտ կորոնավիրուսային հիվանդություն է, համապատասխան նշանակումեր են արվել. «Բուժում և դրանից հետո նոր թեստավորում կանեն՝ պարզելու, թե դրական է պատասխանը, թե՝ ոչ»։

Քաղաքապետը նշեց, որ բուժումը ստանում է տանը. «Մենք 2 բնակարան ունենք նույն շենքի 2-րդ և 5-րդ հարկերում, ընտանիքի անդամներից մեկուսացել եմ, նրանց մոտ ամեն ինչ լավ է։ Ես օրը երեք անգամ սիստեմա եմ ընդունում, վիճակս լավ է, կարելի է ասել, որ արդեն սովորական կյանքով եմ ապրում: Համի և հոտի զգացումս վերականգնվել է, վստահ եմ մի քանի օրից ավելի լավ կլինեմ»։

Հարցին՝ արդյոք իրեն հայտնի՞ է, թե որտեղից է վարակվել, քաղաքապետն ասաց, որ չի պատկերացնում՝ ումից կարող էր վարակված լինել. «Բայց շփումներից խուսափելը անհնար էր, քանի որ բնակիչների հետ հանդիպումները շատ էրին, մարդիկ խնդիրներ ունեին, չէի կարող չընդունել»:

Հարցին՝ արդյոք քաղաքապետարանում այլ վարակվածներ կա՞ն, Հակոբ Շահգալդյանն ասաց, որ երբ ինքն առաջին սիմպտոմները զգացել է, միանգամից մեկուսացել է, նրանք բոլորը քաղաքապետարանում եղել են դիմակներով։

Նա նշեց, որ եթե իրենից վարակվածներ լինեին վերջին 5-6 օրվա ընթացքում արդեն իրենց մոտ էլ ինչ-որ կերպ կարտահայտվեր, սակայն դեռևս նման բան չկա: