Գլխավոր Նորություններ Ողբերգական դեպք Հայաստանում. 2 մարդ է մահացել, մեկ հոգի ծայրահեղ ծանր է....

Ողբերգական դեպք Հայաստանում. 2 մարդ է մահացել, մեկ հոգի ծայրահեղ ծանր է. Շամշյանը մանրամասներ է հայտնում (տեսանյութ)

573

Այսօր՝ հուլիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ Գրիբոյեդով գյուղի վարչական տարածքում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 57-ամյա Արթուր Հարությունյանի վարած Mercedes մակնիշի եւ 40-ամյա Ռազմիկ Գալստյանի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում:

Վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդ Ռ. Գալստյանը, ուղեւոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 55-ամյա Արմենուհի Գեւորգյանը, մահացել են, իսկ մյուս ուղեւոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա Սոֆիկ Գալստյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Օպերատիվ են գործել նաեւ Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Գ. Գաբրիելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Օպերատիվորեն ժամանել են նաեւ ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի եւ բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաեւ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ Ադիբեկյանը: