Գլխավոր Շոուբիզնես Ի սեր Աստծո, ես չեմ ցանկանում տաքսի քշել․ վերջ տվեք այդ էժանագին...

Ի սեր Աստծո, ես չեմ ցանկանում տաքսի քշել․ վերջ տվեք այդ էժանագին փիառին. Սարգիս Գրիգորյան

465

Վերջին շրջանում կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցեր էին կազմակերպում ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները՝ պահանջելով թույլատրրել իրենց ևս աշխատել։ Ցույցի մասնակիցների և կազմակերպիչների շարքում էր նաև դերասան Սարգիս Գրիգորյանը, որին, սակայն, վերջին բողոքի ցույցի ժամանակ չտեսանք։ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է դերասանի հետ նրա՝ բողոքի ակցիային չմասնակցելու պատճառների, նրա հետագա գործունեության և երկրից հեռանալու պլանների մասին։

Սարգիս, արվեստագետների բողոքի ցույցերից հետո, փաստորեն, ոչինչ չի փոխվել։ Արտակարգ դրությունը կրկին երկարաձգվեց։ Ի՞նչ եք անելու` նորից պայքա՞ր, նորից բողո՞ք, թե՞ հարմարվելու եք իրավիճակին։ Պլանավորե՞լ  եք Ձեր անելիքները։

– Ես երբեք չեմ նեղվել խոսելուց և ճիշտն ասելուց։ Կարծում եմ, որ այս ամենը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ այդ ոլորտում աշխատող և  այդ ոլորտից սնվող տասնյակից ավել մասնագիտություններ ունեցող մարդկանց վրա։ Սա հարցի լուծում չէ, եթե հատկապես հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս պահին տնտեսության 80 տոկոսը աշխատում է՝ իհարկե, պահպանելով հակահամաճարակային կանոնները։ Ինչու նույնը չենք կարող անել մեր բնագավառում։ Ընդամենը կլոր սեղանի շուրջ պետք է նստել։ Եթե մեր կառավարությունը պրոֆեսիոնալ գտնվի և ունենա այդ ցանկությունը, ես ևս կմասնակցեմ այդ քննարկումներին։

Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ արտակարգ դրությունը երկարաձգելու դեպքում կհեռանաք երկրից:  Ի՞նչ եք պատրաստվում անել:

– Հեռանալ երկրից չի նշանակում ապրել այդ երկրում։ Հեռանալ նշանակում  է գումար վաստակել ընտանիքդ պահելու համար։ Ես ունեմ ընտանիք պահելու իմ տեսլականը և իմ արժեքները։ Եթե շատերը ելքը տեսնում են տաքսի քշելու մեջ, ապա ես չեմ ցանկանում տաքսի քշել։  Դա լուրջ մասնագիտություն  է, և ամեն մեկը չի կարող դա անել։  Ես իմ մասնագիտությունը ձեռք բերելու համար քրտնաջան եմ աշխատել։ Ես ճանապարհ եմ անցել։ Եւ ծայրահեղ իրավիճակում անգամ ես կրկին իմ մասնագիտությամբ եմ աշխատելու։ Իսկ պայմաններ չլինելու դեպքում, այո՛, պատրաստ եմ հեռանալ երկրից, քանի որ պատասխանատվություն ունեմ երեխաներիս առաջ։

Օրեր առաջ ձեր գործընկերներից մեկը գրառում կատարեց, որ բողոքելու փոխարեն լվացել է մեքենան և տաքսի է քշելու, ինչպե՞ս եք վերաբերվում նրա այս հայտարարությանը, պե՞տք է արդյոք արվեստագետը տաքսի քշի, իսկ ի՞նչ անեն տաքսու վարորդները:

– Ամեն մարդ այս կանքում պետք է զբաղվի իր գործով։ Եթե արվեստագետը տաքսի է քշում, նշանակում է նա այդ գործը անում է թերի։ Էլ չեմ ասում, որ դա նրա հեղինակությանն է կպչում, նրան ճանաչում և սիրում են որպես դերասան։ Գիտեք, արվեստագետին մի քիչ հեռվից պետք է նայել։ Ի վերջո արվեստագետը բեմի մարդ է։  Ի սեր Աստծո, ես չեմ ցանկանում տաքսի քշել։ Ես զարմանում եմ նույնիսկ, որ մարդիկ կան ողջունում են իմ գործընկեր Մանվել Խաչատրյանի քայլը։ Իրականում, հակառակը պետք է լիներ։ Նրան ժողովուրդը  դեր խաղալու համար պետք է ողջուներ, որովհետև դա է իր մասնագիտությունը։ Եվ ի վերջո, վերջ տվեք այդ աղքատիկ մտածողությանը։ Դա էժանագին փիառ է։

Դուք հեղափոխության ակտիվ աջակիցներից եք եղել, սակայն հիմա ձեր մոտեցումները փոխվել են: Ի՞նչ էիք ակնկալում և ի՞նչ ստացվեց:

– Ես ապրում եմ այս օրով, որի մեջ կա և՛ անցյալ, և՛ ապագա։ Այն ժամանակ, այո կար ոգևորություն։ Իսկ հիմա իմ պատկերացումները փոխվել են, որովհետև այն, ինչ ես լսել եմ հրապարակում,  կատարվել են կամ մասամբ, թերի և հապճեպ որոշումներով, կամ ընդհանրապես չեն կատարվել։ Այսօր ես քաղաքացի եմ, ունեմ բողոք, որը, սակայն, մեր կառավարությունը փորձում է աղմուկով լռեցնել՝ քեզ գետնին հավասարեցնելով, քո բողոքը աղմկոտ կերպով լռեցնելով, քո տարիների աշխատանքը ջուրը գցելով։  Բողոքող քաղաքացուն պետք է լսել, ոչ թե լռեցնել։

Արվեստագետները այսօր երկակի խնդրի առաջ են կանգնել. մի կողմից աշխատանքի բացակայությունը, մյուս կողմից` վերջերս մեծ աղմուկ հանած գույքահարկի մասին օրենքը։ Ի՞նչ կասեք այս առումով։

– Գիտեք, ես կողմ եմ գույքահարկի բարձրացմանը։ Արդարացի չէ, որ մեքենայի համար մարդիկ այսօր ավելի շատ գույքահարկ են վճարում, քան բնակարանի։ Բայց արդյո՞ք սա ամենահարմար պահն էր։ Այս վիճակում, երբ մարդը հանապազորյա հացի խնդիր ունի, նրան աջակցելու և ձեռք մեկնելու փոխարեն, պետք չէ նրան ավելի վատ դրության մեջ դնել։ Ես չեմ հասկանում իսկապես։ Դա համարում եմ ոչ ճիշտ ժամանակին, ոչ ճիշտ ռեակցիա։

– Ձեր պայքարի ընթացքում  կառավարության կողմից որևէ  քննարկում, թեկուզ կուլիսային մակարդակում, չի՞ եղել։

Ինձ հետ չի եղել։ Ինձ ասում են, որ որոշ մարդկաց հետ պայմանավորվածություն եղել է։ Բայց ո՞ւր են այդ մարդիկ։ Կամ, եթե այդպես է, ինչո՞ւ են իմ անունը շրջանառում և ինձ թիրախավորում։ Եթե այդպես է, ուրեմն ինչո՞ւ ինձ հետ էլ չեք պայմանավորվում, հատկապես, որ ես երկրորդական էշելոնի մարդ չեմ։ Ինձ հետ անձամբ ոչ ոք չի պայմանավորվել և խոսել։ Ես պարզապես ցանկանում եմ, որ մեր քաղաքացիների խոսքը տեղ հասնի։ Մեզ միասնականությունն է պակասում այս պահին։ Այս իրավիճակը մեզ  ոչ մի լավ տեղ չի տանելու։