Գլխավոր Նորություններ Հորս փոխանցեք միայն քնելուց առաջ մորս ոտքերին մի տաք շալ գցի, մորս...

Հորս փոխանցեք միայն քնելուց առաջ մորս ոտքերին մի տաք շալ գցի, մորս ոտքերը հանկարծ չսառչի

897

Սոցկայքում տարածվում է մի նամակը, որը տարածողների պնդմամբ, գրվել է օրեր առաջ Հայաստանի սահմանները պաշտպանելիս հերոսաբար ընկած Գարուշ Համբարձումյանը.

«Եթե ես զոհվեմ, հիշեցրեք մորս, որ ես պատերազմ էի գնացել, կռվում էի գիտակցելով` ում հետ ու ինչի համար, թող իր Աստծուց չխռովի ու չանիծի թշնամու մոր արգանդը:

Բացատրեք նրան, որ պատերազմը բակի կռիվ չէ տղաների հետ, որ իրար մի լավ ծեծեինք ու ողջ մնայինք:

Մխիթարեք նրան, որ ես զոհվելուց առաջ հասցրել եմ զոհեր տալ, և որ նա աշխարհի միակ մայրը չէ, ում գունավոր գլխաշորը սևով է փոխարինվելու, բայց նաև ասեք, որ իր ճերմակ վարսերին մայր մտնող արևի գույնն է վայելուչ:

Հորդորեք նրան, որ հանկարծ չարտասվի, ասեք, իր որդին հերոսի նման կռիվ է տվել ու թե համոզվի, ասեք, որ հասցրել եմ ընկնելու պահին նրա կոպերը համբուրել, թող որ համբույրս կոպերին պահի ու արցունքներով չլվանա:

Շշնջացեք նրա ականջին, որ ես ցավում եմ իրեն հրաժեշտ չտալու համար և ներում խնդրեք իմ փոխարեն, որ այսուհետ ոչ թե ես իրեն, այլ ինքն է ինձ ծաղիկներ նվիրելու: Նրան փոխանցեք վերջին նվերս` թող գլխաշորին ամրացնի, աշխարհին ցույց տա որ հերոս ունի:

Եվ ի սեր Աստծո, եթե ես զոհվեմ, ինձ մոտ մի եկեք հարգանքի համար, մեր տուն գնացեք, մորս հետ խոսեք, թող իմ կարոտը ձեզանից առնի, թե հյուրասիրի բալի մուրաբա, մի հրաժարվեք, մեծ կին է մայրս, չթողնեք նեղվի:

Ասացեք մորս, որ էլ չեմ գալու, օրեր հաշվելիս` բարակ մատները իզուր չծալի:

Իսկ հորս…

Հորս փոխանցեք միայն քնելուց առաջ մորս ոտքերին մի տաք շալ գցի, մորս ոտքերը հանկարծ չսառչի…

Գարուշ Համբարձումյան»: