Գլխավոր Նորություններ Ի՞նչ անենք, տանենք բերքը թափե՞նք. ոստիկանները թույլ չեն տալիս գյուղացիներին իրենց արտադրանքը...

Ի՞նչ անենք, տանենք բերքը թափե՞նք. ոստիկանները թույլ չեն տալիս գյուղացիներին իրենց արտադրանքը վաճառել Կասյանի գյուղատնտեսական շուկայում (Photo)

603

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցում գործող գյուղատնտեսական շուկայի տարածքում կրկին լարված իրավիճակ է: Ոստիկանները թույլ չեն տալիս գյուղացիներին շուկայի տարածքում վաճառք իրականացնել:

Azatnewstv.am-ին ահազանգած քաղաքացին նշեց, որ նախորդ տարի էլ նույն խնդրի առաջ էին կանգնել, սակայն միահամուռ ուժերով կարողացել են պաշտպանել իրենց իրավունքները, ստացել են տարածքը և վերսկսել գյուղմթերքի վաճառքը:

«Այս տարի ևս նույն խնդրի առաջ ենք կանգնել: Արաբկիրի թաղապետը տարածք չի տրամադրում անիմաստ և իրականությանը չհամապատասխանող պատճառաբանություններով, գուցե ուրիշ շուկայի կամ խանութների աշխատանքին ենք խանգարում, բայց պատճառաբանությունները տեղին չեն: Շուկայից օգտվում է 700-800 գյուղացի, օգտվում ենք հերթափոխով՝ ամեն շաբաթ 150-220 հոգի վաճառք է իրականացնում»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Նշենք, որ այս պահին գյուղացիները մթերքով բարձված մեքենաներով եկել են գյուղատնտեսական շուկայի տարածք, բայց ոստիկանները թույլ չեն տալիս գյուղացիներին վաճառել իրենց արտադրանքը: «Բա ի՞նչ անենք, տանենք թափե՞նք բերքը»,- նշում է մեզ ահազանգած քաղաքացին և հավելում, որ 4-5 հա տարածքի սեփականատեր է, մշակում է իր տարածքները, սակայն բերքը չի կարողանում իրացնել: