Գլխավոր Նորություններ Էրդողանն առաջին նամազի համար ժամանել է Սուրբ Սոֆիայի տաճար (VIDEO)

Էրդողանն առաջին նամազի համար ժամանել է Սուրբ Սոֆիայի տաճար (VIDEO)

107

Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում առաջին նամազի՝ մահմեդական աղոթքի համար տաճարին է մոտեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոշարասյունը: Այս մասին տեղեկացնում է Sabah պարբերականը:

Տաճարը 86 տարվա ընդմիջումից հետո այսօր` հուլիսի 24-ին, բացվել է որպես մզկիթ:

Տաճարի շուրջը հավաքված ժողովուրդը ոգևորվել է՝ լսելով նախագահ Էրդողանի գալստյան մասին լուրը, գրում է լրատվամիջոցը:

Թուրքիայի նախագահը Սուրբ Սոֆիա է ժամանել հիմնական նամազի սկսվելուց մոտ 1 ժամ առաջ:

Մինչ հիմնական նամազը, տաճարում սկսվել է Թուրքիայի կրոնական գործերի վարչության կազմակերպած ուրբաթօրյա աղոթքն ու Ղուրանի ընթերցումը քաղաքացիների համար:

Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։

Սուրբ Սոֆիայի պատմությունը սկսվում է հռոմեացի կայսր Կոստանդիանոս Ա Մեծի օրոք: Նա է 324 թվականին հիմնել Կոստանդնուպոլիսը որպես կայսրության մայրաքաղաք: 326-ին Կոստանդիանոսը մայրաքաղաքում կառուցել է առաջին եկեղեցին Սուրբ Սոֆիայի անունով՝ Կոստանդնուպոլսի Օգոստոսյան հրապարակում: Սկզբնական շրջանում այն կոչվում էր Մեծ եկեղեցի, քանի որ չափերով գերազանցում էր Կոստանդնուպոլսի իր ժամանակակից մյուս եկեղեցիներին: Իսկ Սուրբ Սոֆիա անվանումը կառույցին տրվել է ավելի ուշ: Տաճարն առաջին անգամ հրդեհվել է 404 թվականին՝ ժողովրդական ապստամբության ժամանակ: 532 թվականին Թեոդոսիոսի վերակառուցած տաճարը կրկին կործանվել է հրդեհի պատճառով: Հրդեհից քառասուն օր անց Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Ա-ն պատվիրել է դարձյալ վերակառուցել Սուրբ Սոֆիայի տաճարը, վերակառուցումը տևել է 532-537 թթ.:

1453թ.-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ.-ին Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ.-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: