Գլխավոր Նորություններ Հայ միլիարդատեր Սերգեյ Սարկիսովը պատրաստ է Մոսկվայում ադրբեջանական բիզնեսին հասցված վնասը փոխհատուցել

Հայ միլիարդատեր Սերգեյ Սարկիսովը պատրաստ է Մոսկվայում ադրբեջանական բիզնեսին հասցված վնասը փոխհատուցել

169

ՌԵՍՈ ապահովագրական խմբի սեփականատեր Սերգեյ Սարկիսովը դիմել է ադրբեջանական եւ հայկական սփյուռքին՝ կոչ անելով նպաստել Մոսկվայում անկարգությունների դադարեցմանը, հաղորդում է ՌԲԿ-ն։

Սարկիսովը նշել է, որ նա ամաչում է այն մարդկանց համար, որոնք բարբարոսական գործողություններ են կատարել նացիոնալիզմի ֆոնին՝ ծեծելով կամ սպանելով մարդկանց պարզապես այն պատճառով, որ նրանք ունեն ուրիշ ազգություն։

Սարկիսովը հայտարարել է, որ նրա ընտանիքը պատրաստ է փոխհատուցել վնասը, որը հասցրել էին վանդալները Մոսկվայում ադրբեջանցիների սեփականությանը։ Գործարարը համոզմունք է հայտնել, որ նրա հետ կհամաձայնվեն նաեւ ադրբեջանցի գործարարները, որոնք նույնպես կփոխհատուցեն անկարգությունների ժամանակ հայերի սեփականությանը հասցված վնասը։

«Չեմ սիրում հանրային ելույթները, սակայն էլ ավելի չեմ սիրում անիմաստ բռնությունը։

Իմ նախապապը սպանվել էր ազգային եւ կրոնական ատելության պատճառով, իսկ պապիս եւ նրա քրոջը փրկել են մարդասպանների ազգության այլ մարդիկ՝ վտանգի ենթարկելով իրենց եւ իրենց ընտանիքը։ Յուրաքանչյուր ազգություն ունի հպարտանալու քաղաքացիներ, եւ կան նաեւ մարդիկ, ում համար ամոթ է։

Ես եւ եղբայրս ծնվել ու մեծացել ենք Մոսկվայում։ Ես շատ ադրբեջանցի ընկերներ ունեմ, որոնք հրաշալի մարդիկ են, եւ որոնց հետ ընկերությունն ինձ համար թանկ է։

Դիմում եմ հայկական եւ ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչներին, գործարարներին․ կանգնեցրե՛ք վանդալներին եւ ծայրահեղականներին։ Բացատրե՛ք նրանց, որ մեր երկու ժողովուրդների ավանդույթներում ընդունված չէ ծեծկռտուք կազմակերպել տանը, որտեղ մեզ ընդունել են, հնարավորություն տվել ապրել եւ աշխատել, իսկ ձեր երեխաներին՝ սովորել։

Ես նկատի ունեմ Ռուսաստանը։ Մի՛ խայտառակեք ձեր ժողովրդին, ձեր նախնիներին։ Այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում, տան տերերի նկատմամբ ապերախտության եւ անհարգալից վերաբերմունքի անընդունելի դրսեւորում է։

Կանգնեցրե՛ք նրանց, ովքեր Ռուսաստանի սահմաններից դուրս հրահրում են իրենց հայրենակիցներին կատարել ծայրահեղական քայլեր եւ բռնություն։

Մեր ընտանիքը ստանձնում է պատասխանատվություն փոխհատուցել վնասը, որը հասցվել է ադրբեջանցի գործարարներին հայերի կողմից, որոնք հիմարաբար կամ մոլորության մեջ հայտնվելով՝ համարում են, որ իսկական տղամարդը նա է, ով ավելի բարձր է գոռում կամ փշրում ապակին։ Հիշեցնեմ, որ տղամարդը նա է, ով, նայելով աչքերի մեջ, հետ է մղում իրեն կամ իր ընտանիքին վիրավորած անձին։ Նա է, ով պաշտպանում է իր հայրենիքը ոչ թե օտար, այլ իր նախահայրերի հողում։

Վստահ եմ, որ ադրբեջանցի գործարարները համաձայն են մեզ հետ եւ կվարվեն նույնկերպ»,-նշված է Սարկիսովի հայտարարության մեջ։

Մոսկվայի ՆԳՆ Գլխավոր վարչության տվյալներով՝ հուլիսի 23-25-ին տեղի ունեցած բախումներին մասնակցել են հայեր եւ ադրբեջանցիներ, որոնք կոտրել են ցուցափեղկեր եւ մասնակցել ծեծկռտուքների։

Forbes-ի գնահատմամբ՝ Սերգեյ Սարկիսովը ռուսաստանաբնակ միլիարդատերերի վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 147-րդ տեղը 700 մլն դոլար կարողությամբ։