Գլխավոր Uncategorized «Էրդողանը պատահական չէր ընտրել հուլիսի 24-ը»

«Էրդողանը պատահական չէր ընտրել հուլիսի 24-ը»

127

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ կարևոր հանգամանք այդպես էլ մնաց ստվերում Թուրքիայում Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ ծավալվող գործողությունների պատճառով։

Էրդողանը պատահական չէր ընտրել հուլիսի 24-ը որպես նամազի օր Սուրբ Սոֆիայում։ Էրդողանը ձգտում է ամեն ինչ անել, որպեսզի ստվերի Աթաթուրքի անունը և պատմության մեջ մնա որպես նոր Թուրքիայի հիմնադիր հայր։

1923-ի հուլիսի 24-ին Թուրքիան ստորագրում է Լոզանի պայմանագիրը, որը թուրքական կողմը միշտ համարում է խաղաղության պայմանագիր։ Ի դեպ, հենց այդ պայմանագրի հիմքով են անտեսում Սևրի դաշնագիրը։

Եթե փորձենք մտնել թուրքական հասարակություն և տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ 2020-ի հուլիսի 24-ին, ապա ակնհայտորեն կտեսնենք, որ այս ամենը ոչ թե նրա համար էր, որ Սուրբ Սոֆիան դառնա տաճար, այլ նրա համար, որ մերժում են, ըստ էության, Աթաթուրքին։ Եվ դա կատարվում է Էրդողանի գլխավորությամբ։

Հուլիսի 24-ին Թուրքիայի քաղաքացիներն ամեն տարի ուխտագնացության են գնում Աթաթուրքի դամբարանին, իրենց հարգանքի տուրքը մատուցում թուրքական հանրապետության ստեղծման համար, տեղի են ունենում Աթաթուրքին նվիրված բազմաթիվ արարողություններ։

Այս տարի ոչ միայն հուլիսի 24-ի ամենագլխավոր թոփ թեմայով ստվերեցին Աթաթուրքին հիշելու հանգամանքը, այլ նաև արգելեցեին բոլոր այն քաղաքացիներին լինել Աթաթուրքի դամբարանում, ովքեր ամեն դեպքում հիշել և ցանկանում էին գնալ։ Պատճառաբանությունն ավելի քան ծիծաղելի էր։ Կապված թագավարակի համավարկի հետ, արգելեցին դամբարանին մոտ գնալ, մինչդեռ Սուրբ Սոֆիայի տաճարում և շրջակայքում Էրդողանը և ազգայնական Դևլեթ Բահչելին հավաքել էին հազարավոր մարդկանց և նամազ անցկացնում։

Էրդողանն Աթաթուրքին համարում է իրեն մրցակից և բոլոր այն ամսաթվերը, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն Աթաթուրքի հետ, չեզոքացվում են Էրդողանի Թուրքիայի համար որևէ կարևոր պատմական իրադարձություն ստեղծելով։ Արդեն ակնհայտ է, որ այսուհետև Թուրքիան հուլիսի 24-ը նշելու է որպես Սուրբ Սոֆիան մզկիթ վերածելու օր՝ այդ կերպ ստվերելով Լոզանի պայմանագիրը, չնայած այն բանին, որ հենց այդ պայամանգրով ստեղծվեց այսօրվա Թուրքիան»։