Գլխավոր Նորություններ Առեղծվածային դեպք․ ջրախողովակում հայտնաբերվել է գլխատված ու քայքայված տղամարդու դի

Առեղծվածային դեպք․ ջրախողովակում հայտնաբերվել է գլխատված ու քայքայված տղամարդու դի

324

Այսօր, հուլիսի 28-ին, առեղծվածային դեպք է տեղի ունենցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի երկաթյա խողովակի մեջ դի կա։

Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով՝ հերթափոխի պետ Սուրեն Աբրահամյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Նահապետյանի գլխավորությամբ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամանել է նաև Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը։ Փրկարարները, հիմնականում քաղաքացիների օգնությամբ, օգտագործելով էլեկտրազոդման հատուկ սարք, կարողացել են մեծ դժվարությամբ դուրս բերել գլխատված ու ամբողջովին քայքայված տղամարդու դին։

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էդուարդ Սիրականյանի, և Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Սանթուր Դուրգարյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատարստվում։

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ս․ Քոչարյանի հանձարարականով՝ Ոստիկանության Նաիրիի, Չարենցավանի բաժիններում, Ոստիականության Նոր Հաճնի բաժանմունքում ստեղծվեցին օպերատիվ խմբեր, որպեսզի պարզեն դիակի ինքնությունը, իսկ Նոր Հաճնի պետ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ մեկ այլ օպերատիվ խումբ էլ արդեն մեկնել է բնակության հավանական հասցե, պարզելու համար՝ արդյոք այդ հասցեի բնակիչն է դին, որը հայտնաբերվել է։

Այս պահին ոստիկաններն ու փրկարարները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը, իսկ Երևանից էլ՝ դատական բժիշկը։