Գլխավոր Նորություններ Բացառիկ տեսանյութ. ցուցարարը ոստիկանության տարածքում հայհոյում է ոստիկանությանը

Բացառիկ տեսանյութ. ցուցարարը ոստիկանության տարածքում հայհոյում է ոստիկանությանը

20

168.am-ը գրում է․

Դեռևս անցյալ տարի 168.am-ը գրել էր այն մասին, որ Ջերմուկի տարածքում պարբերաբար բախումներ են տեղի ունենում Ամուլսարի հանքի շահագործման դեմ հանդես եկող ցուցարարների ու շահագործմանը կողմ համայնքի ներկայացուցիչների միջև, և ոստիկանությունը նախ՝ փորձում է կոծկել այդ միջադեպերը, քանի որ այդպիսով ակնհայտ կդառնա, որ կառավարության՝ Ամուլսարի հարցով որոշում չկայացնելու արդյունքում համայնքում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս։

Վերջին ամսվա ընթացքում դարձյալ իրավիճակը պարբերաբար լարվում է, համայնքում Ամուլսարի կողմակիցների և ճանապարհը փակողների միջև պարբերաբար տեղի են ունենում բախումներ, ու այս մասին դարձյալ ոստիկանությունը հիմնականում լռում է, եթե հանրության տարբեր շերտերի կողմից աղմուկ չի բարձրացվում։

Վերջին  նման բախումը տեղի ունեցավ երեկ: «Լիդիան Արմենիայի» պաշտոնական հաղորդագրության մեջ այդ կապակցությամբ ասվում էր.

««Լիդիան Արմենիան» արդեն տեղեկացրել էր, որ անցյալ շաբաթ Ամուլսարի տարածքում սկսվել են գույքագրման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացնում են ընկերության մասնագետները՝ Ջերմուկ համայնքից աշխատակիցների մասնակցությամբ։ Հատկանշական է, որ տարածքում գողությունների ու վանդալիզմի ենթադրյալ դրվագների հրապարակումից հետո Ամուլսարի ճանապարհը փակողների խումբը երեկ դրսևորեց առավել ագրեսիվ պահվածք՝ փորձելով ներխուժել Ամուլսարի տարածք ու խանգարել գույքագրման աշխատանքներին։ Հատկանշական է նաև, որ սեփական համայնքում օրինական աշխատանքով և ոչ թե կասկածելի աղբյուրներից սնվելով ճանապարհ փակելով ապրելու ցանկություն ունեցող իրենց իսկ համայնքի բնակիչներին ապօրինություն իրականացնողները անվանում էին «վարձկաններ»։ Հարկ ենք համարում նշել, որ այս իրավիճակը, երբ օրինական աշխատանքով զբաղված համայնքի բնակիչների հանդեպ պարբերաբար տեղի են ունենում նման ապօրինի ոտնձգություններ, հնարավոր է դարձել իրավապահ համակարգի երկամյա թողտվության, այս տարածքում օրենքի ու օրինականության բացակայության հետևանքով։ Երեկվա արհեստական աղմուկը ևս մեկ ապացույց էր, որ ճանապարհ փակողները չեն ներկայացնում համայնքը, ամեն ինչ անում են համայնքում անհարկի խժդժություններ ու բախումներ ստեղծելու համար։ Կարող ենք միայն ենթադրել, որ աղմուկը կապված է տարածքում ապօրինությունների բացահայտմանն ուղղված գույքագրման ու դրա հնարավոր արդյունքների հետ»։

Ցուցարարները, փաստորեն, փորձել են ներխուժել տարածք, որպեսզի խանգարեն համայնքի բնակիչների աշխատանքը։

«Լիդիանը» մեղադրում է ոստիկանությանը կրավորական դիրքի համար, քանի որ ճանապարհները շարունակում են փակ մնալ, իսկ բախումները շարունակվում են։

Ո՞րն է Երևանում դիմակ չկրելու համար ասֆալտին փռող ՀՀ ոստիկանության նման հանդուրժողականության պատճառն Ամուլսարում ճանապարհ փակողների հանդեպ, դժվար է ասել, բայց այն կադրերը, որ հայտնվել են մեր ձեռքում, ապացուցում են, որ գործ ունենք ոստիկանության բացառիկ վերաբերմունքի հետ։

Այսպես անցյալ տարի գրել էինք, որ Ամուլսարի ճանապարհները փակող ցուցարարները ջարդել էին Շտապ օգնության մեքենայի ապակիները, որի հետևանքով նրանցից մեկին բերման էին ենթարկել տեղի  ոստիկանություն։

Տեսանյութում լսվում է, թե ինչպես է բերման ենթարկվածն ամենավերջին բառերով հայհոյում ոստիկանությանը, անձամբ Ջերմուկի ոստիկանապետին, սարսափելի լուտանքներ է տեղում համակարգի հասցեին, և ակնհայտորեն ոստիկանության բաժնում իր պահվածքով քրեական հոդվածի համար բավարար վարք է դրսևորում։

Մեր տեղեկություններով, սակայն, այս տեսանյութի հերոս և, ըստ Ջերմուկի մեր աղբյուրների՝ Ամուլսարի ճանապարհների շրջափակման մեջ ներգրավված Արտաշես Խաչատրյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անցյալ տարի Ջերմուկ այցելությունից և ուղիղ եթերում վերջինիս մոր անձնական միջորդությունից հետո, ազատ են արձակել, և նա շարունակում է մասնակցություն ունենալ Ամուլսարի շրջափակմանը։  Ոստիկանության բացառիկ հանդուրժողականությանն արժանացած ցուցարարի բացառիկ վարքի տեսանյութը՝ կից։ Հայհոյանքները հնարավորինս խլացված են։

Հիշեցնենք, որ 2019թ. հունիսի 21-ի  երեկ երեկոյան Ամուլսարի ճանապարհները փակած խմբի ներսում վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել: Ջերմուկից մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ծեծկռտուքի հետևանքով կային լուրջ տուժածներ: Միջադեպի մասնակիցները ստիպված են եղել շտապ օգնության մեքենա կանչել, սակայն բախումները շարունակվել են, ու նույնիսկ ջարդվել էր շտապ օգնության մեքենայի ապակին: Մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ տուժողներից առնվազն մեկը տեղափոխվել էր հիվանդանոց: