Գլխավոր Մամուլ Նոր մանրամասներ Արթուր Վանեցյանի քրեական գործից․ ինչ է արել նա

Նոր մանրամասներ Արթուր Վանեցյանի քրեական գործից․ ինչ է արել նա

145

1in.am-ը գրում է․   Ուշագրավ լուրեր են պտտվում այսօր ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին ՀՀ ԱԱԾ վարչական շենք բացատրություն տալու նպատակով հրավիրելու վերաբերյալ։ Մեզ հասած տեղեկություններով՝ ԱԱԾ մամուլի հաղորդագրության մեջ նշված անձը, ում Ա. Վանեցյանը օրենքի խախտմամբ ընդունել է ծառայության, իր հովանավորյալ, որոշ շրջանակներում լայն ճանաչում ունեցող «ԺԷԴԷ-ի Արոն» է, նույն ինքը՝ Արա Հարությունյանը։ Այսպես, պարզվում է, որ Ա. Հարությունյանը 20 տարուց ավելի ծառայել է ՀՀ ԱԱԾ-ում և զբաղվել բացառապես տխրահռչակ հայկական երկաթուղիներում առկա հանցագործությունների և հակաօրինականության դեմ պայքարով, և, ինչպես ցույց տվեցին ՊԵԿ հետաքննության արդյունքները, Ա. Հարությունյանը իր այդ պայքարում պարտվել է։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Ա. Հարությունյանը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր հաշվապահ Վեներա Ավետիսյանի կողմից տարիներով ստացել է ծրարով վարձատրություն՝ երկաթուղիներում տեղի ունեցող թալանի առաջ «աչք փակելու» դիմաց, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը և ազդեցությունը՝ գնացքների անձնակազմերի միջոցով կազմակերպել է ապրանքների մաքսանենգություն, տարբեր օղակների աշխատակիցների հանցագործությունները կոծկելու նպատակով նրանցից շորթել է գումարներ, իրականացրել է գնացքի տոմսերի սպեկուլյատիվ վաճառք, զբաղվել հովանավորչությամբ։

Ուշագրավ է, որ Ա. Հարությունյանը, լինելով ՀՀ ԱԱԾ աշխատակից և սպասարկելով «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, մինչև 2017թ. մտերիմ հարաբերությունների մեջ է եղել ՀՀ ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպա, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության անվտանգության գծով տնօրենի սկանդալային տեղակալ Արմեն Դարբինյանի հետ: Սակայն 2017թ.-ին՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի պաշտոնավարման ժամանակ, Ա. Հարությունյանը ազատվել էր ծառայությունից և ուղարկվել թոշակի, որից անմիջապես հետո իր ծառայություններն է առաջարկել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը, անձամբ այցելել է տնօրեն Սերգեյ Վալկոյին, սակայն Ս. Վալկոն, լավ ճանաչելով Ա. Հարությունյանին, մերժել է վերջինիս, ըստ շրջանառվող լուրերի՝ հենց Ա. Դարբինյանի հորդորով: 2018թ.-ին Ա. Վանեցյանի՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն նշանակվելուց հետո վերջինս անձամբ հրավիրել է Ա. Հարությունյանին վերադառնալ ՀՀ ԱԱԾ։ Ա. Հարությունյանը Ա. Վանեցյանի մտերիմն է և, մշտապես շրջանցելով վերադասներին, ուղիղ մուտք է ունեցել Ա. Վանեցյանի աշխատասենյակ։ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում տարիներով տեղի ունեցող թալանը ոչ ոքի համար գաղտնիք չէ, իսկ այդ ողջ ընթացքում այնտեղ ներկա է գտնվել Ա. Հարությունյանը և, ըստ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Վանեցյանի, «միլիոնավոր դոլարներ վերադարձրել պետությանը»: Թե այդ ինչ գումարներ է վերադարձրել Ա. Հարությունյանը և ինչ նպատակ է հետապնդել պրն Վանեցյանը նման համբավ ունեցող անձին օրենքի խախտմամբ ՀՀ ԱԱԾ-ում վերականգնելով՝ գիտի միայն ինքը։