Գլխավոր Նորություններ Մի խումբ մարդիկ բնապահպանության քողի ներքո կարող են ձախողել հսկայական ներդրումներ. Բաց...

Մի խումբ մարդիկ բնապահպանության քողի ներքո կարող են ձախողել հսկայական ներդրումներ. Բաց նամակ ՀՀ կառավարությանը

137

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ 

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն իր մտահոգությունն է
հայտնում երկրի տնտեսության հիմնասյուներից մեկի՝ հանքարդյունաբերության
ոլորտի հանդեպ պարբերաբար կրկնվող անպատասխանատու և հակաօրինական
գործողությունների պատճառած բացասական լրջագույն հետևանքների
կապակցությամբ։

Ամենատարբեր խմբերի կողմից հետևողականորեն փորձ է​ արվում այլևայլ
պատճառաբանություններով տապալել կամ խափանել այս կամ այն
հանքարդյունաբերական ընկերության բնականոն գործունեությունը: Ստեղծվել է մի
իրավիճակ, երբ մի խումբ մարդիկ բնապահպանության քողի ներքո անհիմն
մեղադրանքներով​ կարող են ձախողել հսկայական ներդրումներ և հարյուրավոր
աշխատատեղեր ապահովող ընկերությունների բնականոն գործունեությունը։​ Վերջին
դեպքը Գեղամասար խոշորացված համայնքի մի խումբ բնակիչների
Վարդենիս-Քարվաճառ միջպետական ճանապարհը փակելու ակցիան էր։ Արդեն 2 տարի
շրջափակված են Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները, նույն պատկերն է
Ախթալայի ԼՀԿ-ում և այլուր: Պարբերական են ոլորտի վերաբերյալ տարածվող
կեղծիքներն ու զրպարտանքները։

Ժամանակն է քայլեր ձեռնարկել և թույլ չտալ, որ ապօրինությունների այս
վարակը՝ տարածվելով վերածվի​ հանքարդյունաբերության ոլորտի գործունեության
ձախողման անկառավարելի ու վտանգավոր միջոցի, որի հետևանքները կարող են
անդառնալի լինել երկրի տնտեսության համար: Միայն այն փաստը, որ վերջին կես
տարվա ցուցանիշներով ոլորտի արդյունահանման ծավալները աճել են մոտ 30%-ով,
իսկ արտահանումը կազմում է երկրի ընդհանուր արտահանման ծավալների 34%-ը, իր
վրա է կրում երկրի խոշոր հարկատուների վճարած հարկային բեռի գրեթե 10%-ը,
ուղղակի աշխատատեղով է ապահովում ավելի քան 10 հազար մարդու (հարակից
ոլորտների ներգրավվածությամբ՝ գրեթե 60 հազար) պետք է սթափեցնի իր երկրի
համար մտահոգ ցանկացած մարդու, որովհետև սա նշանակում է, որ հատկապես
ճգնաժամային իրավիճակներում տնտեսության միակ ամուր հենարանը մնում է
հանքարդյունաբերությունը:

Հանքարդյունաբերողներն այսօր պետական համապատասխան մարմինների հետ միասին
ջանքեր են գործադրում ոլորտի գործունեությունն առավել թափանցիկ,
բնապահպանական տեսանկյունից կանխատեսելի ու կառավարելի դարձնելու
ուղղությամբ: Վերջերս Հայաստանը` այդ թվում և հանքարդյունաբերողների
ջանքերով, միացավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը:
Այս հարթակը հնարավորություն է տալիս կառավարությանը, քաղաքացիական
հասարակությանը, ինչպես նաև հանքարդյունաբերողներին՝ բոլոր խնդիրները,
մտահոգող հարցերը լուծել կառուցողական մթնոլորտում և խստագույնս օրենքի
շրջանակներում։ Չի կարելի թույլ տալ, որ առանձին խմբեր՝ առաջնորդվելով
իրենց ունեցած գիտելիքներով, կասկածներով կամ ուղղակիորեն ուղղորդվելով
այլևայլ շահերով, ապօրինաբար ազդեն պետական բյուջեի եկամուտների և
հազարավոր մարդկանց գոյատևման համար կենսական նշանակություն ունեցող
ընկերությունների բնականոն գործունեության վրա։

Կոչ ենք անում և պահանջում ենք​ վերջ տալ ոլորտի հանդեպ անպատասխանատու
մոտեցումների նկատմամբ անվճռական արձագանքին, կանխել «բնապահպանական
մտահոգությունների» անվան տակ հակաօրինականության տարբեր դրսևորումները և
բնապահպանական իրական կամ ենթադրյալ խնդիրներին լուծում տալ պատկան
մարմինների միջոցով՝ օրենքի շրջանակներում։

Հանքարդյունաբերությունը հանցագործություն չէ, այն հարստություն է, որը
պետք է կառավարել խելամտորեն, հաշվարկված և գրագետ՝ կորզելով հնարավոր
օգուտները և չեզոքացնելով հնարավոր​ վտանգները, այնպես, ինչպես դա արվում է
բազմաթիվ բարեկեցիկ, զարգացած և բնապահպանական առումով ընդօրինակելի
երկրներում։

Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը. անսալ մասնագիտական հանրույթի խոսքին և
տուրք չտալ երկրի տնտեսությունը սնող աղբյուրը պղտորողների անհիմն
պահանջներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ