Գլխավոր Նորություններ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ-ին՝ պահանջելով 2 մլն դրամ փոխհատուցում

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ-ին՝ պահանջելով 2 մլն դրամ փոխհատուցում

39

Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացել Հայաստանի Հանրապետության դեմ՝ ի դեմս ֆինանսների նախարարության, իրավունքի խախտումը հաստատելու և Հայաստանի Հանրապետությունից հօգուտ հայցվորի որպես ոչ նյութական վնասի հատուցում 2 մլն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով։

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառն այն է, որ մարտի 10-ին, առողջական խնդիրների պատճառով հիվանդանոցում գտնվելով, Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել Մարտի 1-ի գործով նիստին, մինչդեռ դատավոր Աննա Դաբիբեկյանը դռնբաց նիստի ընթացքում հրապարակել է Քոչարյանի առողջական վիճակի մասին բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ՝ առանց պաշտպանական կողմի կարծիքը հաշվի առնելու: 

«Դանիբեկյանը բաց նիստի ժամանակ լրատվամիջոցների ներկայությամբ ամբողջությամբ հրապարակել է բժշկական գաղտնիք պարունակող փաստաթուղթ, մինչդեռ դրանք անձնական տվյալներ են, որոնք պաշտպանված են օրենքով», – ասաց նա։

Հիշեցնենք, որ Աննա Դանիբեկյանը մասնավորապես հայտնել է, որ «Էրեբունի» ԲԿ-ից դատարան է ստացվել տեղեկանք այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել է սրտի ռիթմի խանգարում, զարկերակային հիպերտենզիա՝ 3-րդ աստիճանի: 

Հարցին՝ ե՞րբ է քննվելու հայցը, Ալումյանը պատասխանեց․

«Քննվելու օր դեռ նշանակված չէ, վարույթ ընդունելու մասին որոշում չկա», – ասաց նա։

Նշենք, որ հայցը մուտքագրվել է օգոստոսի 19-ին։ Այն մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին: