Գլխավոր Նորություններ Փոփոխություններ՝ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգում. Մանրամասներ

Փոփոխություններ՝ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգում. Մանրամասներ

313

Փետրվարի 27-ին ուժի մեջ են մտել չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգում կատարված փոփոխությունները։

Իրավաբան․net-ը ներկայացնում է նոր կարգը՝ առկա փոփոխություններով։

1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ’ օրենք) 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձանց (այսուհետ’ չաշխատող կին) մայրության նպաստ (այսուհետ’ նպաստ) նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն են’

1) դիմող’ մայրության նպաստը նշանակելու և վճարելու մասին դիմում ներկայացրած անձ.

2) շահառու’ օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված չաշխատող կին (ում նշանակվում և վճարվում է մայրության նպաստը).

3) տարածքային կենտրոն’ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ազպահովության պետական ծառայության (այսուհետ’ ծառայություն) տարածքային կենտրոն.

4) անձը հաստատող փաստաթուղթ’

ա. ՀՀ քաղաքացիների (այդ թվում’ երկքաղաքացիների) համար’ ՀՀ քաղաքացու անձնագիրը կամ ՀՀ քաղաքացու նույնականացման քարտը,

բ. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար’ օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված’ ՀՀ-ում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը,

գ. փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար’ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

5) բանկ’ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ մայրության նպաստն անկանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքած բանկ.

6) բանկային հաշիվ’ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ մայրության նպաստն անկանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքած բանկում բացված հաշիվ:

3. Մայրության նպաստ նշանակվում և վճարվում է’

1) ՀՀ քաղաքացի (այդ թվում’ երկքաղաքացի) կամ քաղաքացիություն չունեցող կամ փախստականի կարգավիճակ ունեցող շահառուին, եթե նա հաշվառված է ՀՀ բնակության վայրի հասցեով.

2) օտարերկրյա քաղաքացի շահառուին, եթե նա հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է ՀՀ բնակության վայրի հասցեով:

4. Նպաստը նշանակելու համար դիմողը տարածքային կենտրոն է ներկայացնում’

1) դիմում, որում ներառվում են’

ա. դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն,

բ. շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե դիմողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց), բնակության (հաշվառման) վայրի հասցեն,

գ. շահառուի բանկային հաշվի համարը կամ այն բանկը, որտեղից շահառուն ցանկանում է ստանալ մայրության նպաստի գումարը.

2) դիմողի և շահառուի անձը հաստատող փաստաթղթերը, շահառուի հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե շահառուն հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց.

3) ՀՀ կառավարության սահմանած կարգով բժշկական կազմակերպության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը.

4) ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծննդօգնության պետական հավաստագիրը, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումը ներկայացվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո.

5) շահառուի ստորագրած հայտարարությունը’ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ’ օրենքով սահմանված վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսանալու մասին (հայտարարությունը ներառում է նաև շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հայտարարությունը տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը): Հայտարարությունը կարող է շարադրվել նաև ազատ ոճով:

4.1. Եթե շահառուն նախածննդյան հսկողության է կանգնել (հաշվառվել է) կամ ծննդաբերել է Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպությունում, ապա մայրության նպաստ նշանակվում է, եթե շահառուին Արցախի Հանրապետությունում մայրության նպաստ չի նշանակվել:

4.2. Սույն կարգի 4.1-ին կետում նշված դեպքում մայրության նպաստ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային բաժին ներկայացվելու դեպքում շահառուին’ Արցախի Հանրապետությունում մայրության նպաստ նշանակված չլինելու վերաբերյալ տեղեկատվությունն Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանում է ծառայությունը’ դիմումը ներկայացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Այս դեպքում սույն կարգի 10-րդ կետում նշված մեկամսյա ժամկետը հաշվարկվում է Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանն ստանալու օրվանից:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված’ դիմողին վերաբերող դրույթները կիրառելի են, եթե դիմողը շահառուն չէ:

6. Եթե առկա է նույն շահառուին մայրության նպաստ նշանակելու մասին մերժված դիմում, որից հետո ներկայացվում է նոր դիմում, ապա մերժված դիմումին կից ներկայացված փաստաթղթերը համարվում են նոր դիմումին կից ներկայացված փաստաթղթեր’ բացառությամբ դիմողի անձը հաստատող փաստաթղթի, որը ներկայացվում է անկախ որևէ հանգամանքից:

7. Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո’ մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը, վաղաժամ ծննդաբերելու դեպքում մայրության նպաստը տրվում է 70 օրվա համար’ հաշված երեխայի ծննդյան օրվանից (ներառյալ այն դեպքը, երբ երեխան ծնվել է մահացած): Այս դեպքում ներկայացվում է վաղաժամ ծննդաբերելու մասին փաստաթուղթ:

10. Ներկայացված փաստաթղթերի և առկա տեղեկատվության հիման վրա տարածքային կենտրոնը’ դիմումը և կից փաստաթղթերը ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում որոշում է’

1) մերժել մայրության նպաստ նշանակելը և դրա մասին տեղեկացնել շահառուին (տեղեկացնել լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին).

2) նշանակել և վճարել մայրության նպաստը:

11. Տարածքային կենտրոնը մերժում է մայրության նպաստ նշանակելը (տեղեկացնում է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին), եթե’

1) շահառուն չունի մայրության նպաստի իրավունք, կամ’

2) դիմումին կից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը, կամ դիմումում չեն ներառվել անհրաժեշտ տվյալները, կամ’

3) համաձայն առկա տեղեկատվության’ շահառուի մայրության նպաստը պետք է նշանակվի և վճարվի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, կամ’

4) դիմումը ներկայացվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու (140 օր) ժամանակահատվածն ավարտվելուց (ժամկետը լրանալուց) հետո: Ընդ որում, սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքում 140-օրյա ժամանակահատվածը հաշվարկվում է երեխայի ծննդյան օրվանից.

5) սույն կարգի 4.2-րդ կետում նշված տեղեկատվության համաձայն շահառուին Արցախի Հանրապետությունում նշանակվել է մայրության նպաստ:

12. Տարածքային կենտրոնը նաև մերժում է մայրության նպաստ նշանակելը, եթե շահառուն բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չէ ՀՀ բնակության վայրի հասցեով կամ օտարերկրյա քաղաքացի շահառուն հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված չի եղել ՀՀ բնակության վայրի հասցեով:

13. Տարածքային կենտրոնը, սույն կարգի 11-րդ կամ 12-րդ կետերով սահմանված դեպքերում, որոշումն ընդունելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կարգով տեղեկացնում է շահառուին: Եթե տարածքային կենտրոնը որոշման մասին տեղեկացնում է փոստային ծառայության միջոցով, ապա որոշումն ուղարկվում է շահառուին’ բնակչության պետական ռեգիստրում առկա’ ՀՀ-ում բնակության վայրի հասցեով: Սույն կետով սահմանված դեպքում (բացառությամբ 11-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքի), եթե նախորդ դիմումը մերժելու մասին որոշման ընդունման օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում կրկին ներկայացվում է նույն շահառուին մայրության նպաստ նշանակելու մասին դիմում, ապա դիմելու օր է համարվում նախորդ դիմումը ներկայացնելու օրը: Այս դեպքում դիմումին կից ներկայացվում են միայն պակասող փաստաթղթերը (բացառությամբ դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի, որը ներկայացվում է’ անկախ որևէ հանգամանքից):

14. Սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում տարածքային կենտրոնը վճարում է նպաստը:

15. Մայրության նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով:

16. Եթե մայրության նպաստը նշանակելու մասին դիմումը ներկայացրել է այլ անձ, ապա մայրության նպաստը վճարվում է շահառուի բանկային հաշվին փոխանցելու եղանակով’ բացառությամբ այն դեպքի, երբ դիմումին կից ներկայացվել է մայրության նպաստը դիմումատուին վճարելու վերաբերյալ նոտարական կարգով վավերացված լիազորագիր: Շահառուի տված’ նպաստը դիմողին վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիր ներկայացնելու դեպքում նպաստը վճարվում է լիազորված անձի բանկային հաշվին փոխանցվելու միջոցով:

17. Մայրության նպաստն անկանխիկ եղանակով վճարելը’ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ մայրության նպաստն անկանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքած բանկում բացված շահառուի կամ նրա լիազորած անձի բանկային հաշվին գումարը փոխանցելն է:

19. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու օրվան հաջորդող 12 ամսվա ընթացքում նպաստի չվճարման դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարում է:

20. Սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով նշանակված, սակայն շահառուի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը ենթակա է ժառանգման:

Հավելենք, որ կառավարության փետրվարի 20-ի որոշմամբ, եթե 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածում չաշխատող անձի մայրության նպաստ նշանակելու դիմումը մերժվել է ծննդօգնության պետական հավաստագիրը չներկայացվելու հիմքով, ապա մայրության նպաստը նշանակվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ին’ անկախ նոր դիմում ներկայացնելու հանգամանքից:

Եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի ավարտը 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածում է, ապա մայրության նպաստ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 140-օրյա ժամանակահատվածում ներկայացվելու դեպքում համարվում է, որ անձը դիմել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում: