Գլխավոր Նորություններ Խոշոր ավտովթար բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Toyota Vitz-ը. 5 վիրավորների մեջ...

Խոշոր ավտովթար բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Toyota Vitz-ը. 5 վիրավորների մեջ կան երեխաներ

14

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Մեծամոր քաղաքի բնակիչ, 56-ամյա Գրիգոր Ղազանչյանի վարած Ջին Բեյ մակնիշի և Արմավիր քաղաքի բնակիչ, 29-ամյա Արման Թամազյանի վարած Toyota Vitz մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից երկուսը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էջմիածին» բժշկակական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ պահշպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: Բախման հետևանքով էլ Toyota–ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարաշապատի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ջին Բեյ –ը հաշվառված է «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է շտապօգնության ավտոմեքենան, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել հանդիպակաց երթևեկող վարորդների համար, ինչն էլ դարձել է բախման պատճառ:Շտապօգնության՝ հանդիպակաց երթևեկելու մասին ասում էին նաև մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, միայն ասում էին. «էն տեսանք, որ սկոռին առանց ձայնային ու լուսային ազդանշանները միացնելու Երևանից գալիս էր դեպի Հոկտեմբերյանի կողմ, դուրս եկավ պռոտիվ ու բախվեց Toyota-ին»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: