Գլխավոր Նորություններ ԱԱԾ-ն Փաշինյանի սեղանին է դրել Թորոսյանի ֆեյսբուքյան նամակագրությունը. նոր մանրամասներ Թորոսյան-Փաշինյան հակամարտությունից

ԱԱԾ-ն Փաշինյանի սեղանին է դրել Թորոսյանի ֆեյսբուքյան նամակագրությունը. նոր մանրամասներ Թորոսյան-Փաշինյան հակամարտությունից

1462

Antifake.am-ին նոր տեղեկություններ են հայտնի դարձել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև առաջացած հակամարտությունից։

Աղբյուրը հայտնում է, որ ամբողջ խնդիրը սկսվել է նրանից, որ Ազգային անվտանգության ծառայությունը կոտրել է Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջը և բացահայտել նրա նամակագրությունը իր ընկերների հետ, որտեղ Թորոսյանը ամենավերջին ձևով հայհոյել է ու քննադատել Նիկոլ Փաշինյանին։ «Տիրություն արեք ձեր հիվանդին» արտահայտությունը, որի մասին արդեն իսկ գրվել է մամուլում, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան նամակագրությունից հատված է իր ընկերոջ՝ Երևանի կարանտինային վայրերի ղեկավար նշանակված Նարեկ Վանեսյանի հետ։ ԱԱԾ-ի ձեռքում հայտնված նամակագրություններն են հենց պատճառ դարձել, որ Թորոսյանն ապաակտիվացնի իր ֆեյսբուքյան էջերը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Արսեն Թորոսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում տեղի չի ունեցել։ ԱԱԾ-ն Արսեն Թորոսյանի՝ իր ընկերների հետ ունեցած ֆեյսբուքյան էջերի նամակագրությունները դրել է Նիկոլ Փաշինյանի սեղանին, ինչը սաստիկ զայրացրել է վարչապետին։ Վերջինս այդ մասին խոսել է օրերս տեղի ունեցած «ՔՊ» կուսակցության հավաքի ժամանակ։ Փաշինյանը զայրույթից որոշում է կայացրել արձակուրդի ուղարկել Թորոսյանին՝ այլևս չվերադառնալու պայմանով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այսքանով չի բավարարվել և հրահանգել է քրեական գործ հարուցել Արսեն Թորոսյանի դեմ՝ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի տապալման և ֆինանսական չարաշահումների համար, սակայն Արսեն Թորոսյանն էլ իր հերթին ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ քրեական գործ հարուցելու սպառնալիքների, իր ընկերների հետ խոսակցություններում ասել է, որ իր ձեռքի տակ այնպիսի ձայնագրություններ ունի Նիկոլ Փաշինյանից, որոնցով ապացուցվում է, որ COVID-ի այս խայտառակ վիճակը Փաշինյանը չի կարող բարդել իր վրա, և եթե քրեական հետապնդումներ սկսեն իր դեմ, ինքն էլ այդ ձայնագրությունները կհրապարակի. հարց է, թե այդ ժամանակ ով ավելի շատ կտուժի՝ ինքը՝ իրավական առումո՞վ, թե՞ Փաշինյանը՝ քաղաքական առումով։

Աղբյուրը մեզ մանրամասներ հայտնեց նաև մամուլում շրջանառվող մեկ այլ տեղեկության հետ կապված, որի համաձայն՝ պարետատունը հաշվետվություն է պահանջել Արսեն Թորոսյանից կորոնավիրուսի դեմ պայքարի ֆինանսական միջոցները ծախսելու ուղղությունների վերաբերյալ, քանի որ ֆինանսական չարաշահումներ են ի հայտ եկել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Արսեն Թորոսյանը ընդհանրական հաշվետվություն է ներկայացրել՝ չտալով ծախսերի բացվածքը, ինչը հնարավորություն չի տալիս հասկանալ, թե որտեղից է առաջացել ֆինանսական բացը։ Աղբյուրը մանրամասնեց, որ Թորոսյանն իր ընկերների հետ զրույցներում ասել է, որ իր կողմից բաշխված գումարի չափը կազմում է ընդամենը 14-ից 15 միլիոն դոլար, իսկ մնացած գումարները թող իրենք գնան և պարզեն, թե ուր է գնացել։

Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի թիմի ներսում խնդիրները ավելի ու ավելի են լրջանում։ Թիմում իրար չեն վստահում, իսկ ԱԱԾ-ն ակտիվորեն զբաղվում է Նիկոլ Փաշինյանի թիմակիցների ֆեյսբուքյան էջերի նամակագրությունների ուսումնասիրություններով և փորձում է գտնել Փաշինյանի քննադատներին, հայհոյողներին, նրան «թիկունքից խփողներին»։ Արսեն Թորոսյանը, փաստորեն, ԱԱԾ-ի այս գործողության առաջին և խոշոր զոհն է, և բացառված չէ, որ շուտով կլինեն նոր «զոհեր»։