Գլխավոր Uncategorized Սերժ Սարգսյանն ազգի դավաճան է

Սերժ Սարգսյանն ազգի դավաճան է

74

«Սերժ Սարգսյանն այն խորամանկ աղվեսներից է, որ շատ լավ գիտակցում է  իր արածները, գիտի Հայաստանի ժողովրդի վերաբերմունքն իր նկատմամբ ինչպիսին է, գիտի, որ հետդարձի ճանապարհ չկա, բայց ասուլիս էր  հրավիրել  ինքնապաշտպանական նպատակներով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Վարդան Մալխասյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսին։   Մալխասյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը նորից ասպարեզ է եկել ոչ թե իշխանություն վերցնելու նպատակով, այլ իր ու Քոչարյանի «բանդիտական ռեժիմի մնացորդները», որոնց ընդունված է անվանել հինգերորդ շարասյուն, Սերժ Սարգսյանին տեղեկություններ են փոխանցել, որ օղակը  սեղմվում է իր շուրջը, և նա անհանգստացած ինքնապաշտպանական քայլեր է ձեռնարկում:

«Եվ, այո, այդ օղակը պետք է այնքան սեղմվի, Սերժին պետք է դատեն ոչ թե մի քանի լիտր դիզվառելիքի գործով, այլ ավելի ծանր մեղադրանքներ պետք է նրան առաջադրեն»,- ասաց Մալխասյանը՝ ավելացնելով, որ այդ մեղադրանքները կարող են առաջադրվել ինչպես ապրիլյան դեպքերը քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի շրջանակներում, այնպես էլ այլ գործերով: «Եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությանը չհաջողվի Սերժ Սարգսյանին դատել դավաճանության հոդվածով, ապա Նիկոլից հետո եկողները դա անելու են։ Ե՛վ Սերժ Սարգսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը պետք է դատվեն դավաճանության  հոդվածով։ Փաստերը ծովի նման կան։ Թող չասեն՝ ապացույց չկա։ Միայն եթե հանվի ու պարզվի, թե Սերժ Սարգսյանը արտերկրում, կազինոներում քանի միլիարդ դոլար փող է մսխել, դա բավարար է նրան դատելու համար։ Բա այդ փողերը նրանց որտեղի՞ց։ Իսկ այդ փողերը պետության փողերն էին։ Այդ ռեժիմի ներկայացուցիչները՝ Սերժը, մուկը, Համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը, ուրիշները, նրանք համաշխարհային մակարդակի ղումարբազներ էին։ Միայն ցանկություն լինի՝ հատուկ ծառայությունները կարող են մի քանի րոպեում պարզել, թե նրանք պետության փողերն ինչպես են մսխել կազինոներում։ Սերժ Սարգսյանը  դավաճանություն է արել նաև ապրիլյան դեպքերի ժամանակ։ Փաստը մնում է փաստ, որ  օգնություն չի գնացել դիրքերում մեր զինվորներին։ Բա դա դավաճանություն չի՞»,- ընդգծեց Մալխասյանը՝ կրկնելով, որ եթե այս իշխանության ժամանակ այդ ամենը չբացահայտվի, ու նրանք պատասխանատվության չենթարկվեն, դա կլինի հաջորդ իշխանության ժամանակ։

«Նիկոլը չստեղծեց  իրավական, ազգային անվտանգության այնպիսի ուժեղ, խորքային համակարգ, որ այդ սրիկաների սաղ արածները հանեինք ջրի երես։ Բայց ես վստահ եմ, որ մի օր օղակը նրանց շուրջն ավելի է սեղմվելու, ու ամեն ինչ դուրս  է գալու ջրի երես։ Իրենք էլ, զգալով այդ վտանգը, նախահարձակ են լինում, ասուլիս են տալիս, ուրիշները իրենց քաղբանտարկյալ են հայտարարում։ Սերժը հայտարարում էր, որ կխոսի միայն արտակարգ դրությունից հետո, բայց նա իր խոսքը չպահեց, որովհետև հինգերորդ շարասյան ներկայացուցիչները նրան հասցրին, որ եթե սպասի արտակարգ դրության ավարտին, ապա քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակումից հետո իր վզից կկախեն դավաճանի պիտակը։ Դրա համար էլ նախ՝ իր փեսան, հետո՝ ինքը, հետո՝ փեսայի փալաս-փուլուսները անցան նախահարձակման։ Սա է ամբողջ եղելությունը և կատարվողի իմաստը»,- եզրափակեց Վարդան Մալխասյանը։