Գլխավոր Նորություններ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը զայրացավ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը զայրացավ

119

Այսօր կառավարությունը քննարկեց և ընդունեց նախագծերի փաթեթ, որը թույլ կտա այլևս չերկարաձգել արտակարգ դրությունը և օրենքների փոփոխության միջոցով շարունակել պայքարել համաճարակի դեմ: Քննարկման ընթացքում պարզվեց, որ նախագծերի փաթեթն օրինակ ՄԻՊ-ը մեկ օր առաջ է ստացել: Ամեն դեպքում կառույցը հասցրել է մի շարք առաջարկություններ կազմել: «Ես ուզում եմ հասկանալ՝ այս գործելակերպին երբ է վերջ տրվելու, որ կառավարության նիստում հնչում է, թե կարծիքի չի ուղարկվել կամ երեկ երեկոյան է ուղարկվել: Սա ինչքան է շարունակվելու»,-հարցրեց վարչապետ Փաշինյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ իրենք կարծիքի ուղարկելու ու շրջանառելու գործառույթ չունի: Այն գերատեսչությունը, որը նախաձեռնում է, պետք է անի դա մինչև վարչապետի աշխատակազմ ներկայացնելը․ «Ամեն դեպքում ուզում եմ տեղեկացնել, որ նախարարական կոմիտեի օրակարգն ուղարկվում է բոլորին, բաց է, ինֆորմացիան հասանելի է բոլոր գերատեսչություններին»: Ապա վարչապետը դիմեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ով զեկուցել էր նախագիծը՝ հարցնելով, թե ինչու չի շրջանառվել: Բադասյանն ասաց, որ մինչև վերջին պահը պարզ չի եղել, թե ով պետք է զեկուցի:

Ավելի վաղ հայտնվել էր, որ նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության հետ: Իսկ նախարար Արսեն Թորոսյանը նիստին չէր մասնակցում:

«Ի՞նչ կապ ունի, թե ով պետք է զեկուցեր»,-հարցրեց Փաշինյանը: «Կաֆկայի «դղյակը» պետք է դարձնել կառավարության կանոնադրության հավելված: Եկեք դադարեցնենք, կգնաք կքննարկեք մինչև ստորագրության բերելը: Մինչև բոլոր գերատեսչությունների հետ չքննարկվի, ստորագրության չբերեք»,-ասաց վարչապետը՝ առաջարկելով քվեարկությամբ ընդունել հարցը, սակայն ստորագրությունը դեռ չի լինելու, քանի դեռ բոլորի հետ չի քննարկվել:

Նախագծերի փաթեթն ընդունվեց: