Գլխավոր Նորություններ Սոֆի Դևոյանի ծննդյան ճոխ խնջույքն ու ընտանիքի նվերը

Սոֆի Դևոյանի ծննդյան ճոխ խնջույքն ու ընտանիքի նվերը

166

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանը հունվարի 1-ին տոնել է 18-ամյակը: Սոֆին ծննդյան տարեդարձը նախ տոնել է ընտանիքի հետ, իսկ 2 օր անց՝ հունվարի 3-ին, խնջույք է կազմակերպել ժամանցի կենտրոններից մեկում, որին հրավիրել է ամենամտերիմ մարդկանց:

Օրվա լուսանկարներն ու մանրամասները պարուհին վստահել է Tert.am Life-ին:

«Այս տարի ծննդյանս օրը տարբերվող զգացողություններ ունեի, քանի որ Մոսկվայից նոր էի տուն վերադարձել, շատ կարոտած էի: Ծննդյանս օրը մոտս տարեդարձի զգացողություն շատ չի լինում, քանի որ այդ օրը բոլորը տրամադրված են Ամանորին: Դեկտեմբերի 31-ին մենք նշում ենք Նոր տարին, հունվարի 1-ին՝ ծնունդս: Այդ օրը ծնունդս նշել եմ միայն ընտանիքիս անդամների հետ, իսկ հունվարի 3-ին խնջույք էի կազմակերպել, որին ներկա էին իմ ամենամտերիմ մարդիկ՝ մոտ 30 հոգի: Առաջին անգամ էլ այսպիսի մեծ ծնունդ անում, սակայն տարեցտարի շրջապատս մեծանում է, ներկաներն իսկապես ամենամտերիմ մարդիկ էին: Առհասարակ, սիրում եմ ծնունդս նշել միայն մտերիմ մարդկանց հետ»,- ասաց նա:

Սոֆին նշեց, որ խնջույքին երկար նախապատրաստվելու ժամանակ չի ունեցել: Դեռ Մոսկվայում զգեստ էր կարել այդ օրվա համար, սակայն վերջին օրը հասկացել է, որ այն համապատասխան չէ ընտրված ժամանցի վայրին, 1 օրում նոր զգեստ է կարել՝ համապատասխանաբար փոխելով նաև տոնական տորթի դիզայնը. «Այս տարի ավելի խիստ ոճում էի՝ ընտրել էի արծաթագույնի և կապույտի համադրությունը»:

Պարուհու խոսքով՝ օրվա ընթացքում անակնկալներ շատ են եղել, սակայն չի ուզում բացահայտել, թե ովքեր և ինչ անակնկալներ են մատուցել:

Ինչ վերաբերում է նվերինին՝ նա ասաց, որ տպավորիչ նվերներ շատ է ստացել, սակայն առանձնացրեց ընտանիքի անդամների նվերը. «Ես շատ էի ուզում այս տարի ամռանը ճամփորդել: Ընտանիքս անդամներն ինձ ուղեգիր են նվիրել դեպի Եվրոպա, թե կոնկրետ որ երկիր կմեկնեմ, կորոշեմ ավելի ուշ»:

Դերասանուհին նկատեց, որ 18 տարեկանում մեծ փոփոխություն չի զգում: «Բոլորն ասում են, որ 18 տարեկանը փոփոխությունների շրջան է, ավելի ինքնուրույն ես դառնում, սակայն ես տարբերություն չեմ զգում: Երևի, պատճառն այն է, որ ես միշտ եմ ինքնուրույն եղել»,- ասաց նա:

Վերջին շրջանում պարբերաբար խոսակցություններ են շրջանառվում, որ Սոֆին ընկեր ունի: Պարուհին նախընտրում է փակ պահել անձնական կյանքը:

«Անձնական կյանքս պարբերաբար քննարկում են, նույնիսկ գրել էին, որ նշանվել եմ: Ես նախընտրում եմ չխոսել այդ մասին: Եթե իմ կյանքում լինի այնպիսի փոփոխություն, որի մասին կուզեմ պաշտոնապես խոսել, այդ մասին բոլորը կիմանան, բայց հիմա չեմ ուզում խոսել անձնական կյանքիս մասին»,- ընդգծեց նա: