Գլխավոր Նորություններ Արամ Օրբելյանը Քոչարյանի մեղադրանքը համեմատեց Թումանյանի հեքիաթների հետ, դատախազն առարկեց. Aysor.am

Արամ Օրբելյանը Քոչարյանի մեղադրանքը համեմատեց Թումանյանի հեքիաթների հետ, դատախազն առարկեց. Aysor.am

118

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում բարձրախոսների հետ կապված տեխնիկական խնդիրները լուծելուց հետո այժմ շարունակվում է Մարտի 1-ի գործով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով նախնական դատական նիստը։ Այս պահին պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը ներկայացնում է խափանման միջոցի վերաբերյալ իր դիրքորոշումը։

Նա, մասնավորապես, անդրադարձավ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին, հիշեցրեց, որ երբ ամենասկզբում առաջադրվում էր մեղադրանք, պաշտպանական խմբի համար դժվար էր հասկանալ մեղադրանքի էությունը։

«Մենք հայտարարում էինք՝ չգիտենք, թե ինչից ենք պաշտպանվում։ Որևէ փորձ չէր կատարվում պարզաբանել մեղադրանքը։ Ինչո՞ւ։ Շատ պարզ պատճառով՝ դա պարզ դատավարական հնարք է՝ երբ գործը թույլ է, ոչ հստակ ձևակերպումներ են տրվում, իսկ երբ գործը ուժեղ է, հստակ է, ապա շատ պարզ ձևակերպումներ են տրվում, ապացույցներ ներկայացվում։ Այստեղ գործ չկա, ինչպես ասում է գործիչներից մեկը՝ գործը օդ է, դրա համար խուճուճ ձևակերպումներ են տրվել։ Մեղադրական կողմը կարող է գրել ինչ կամենա, կարող է վերցնել Հովհաննես Թումանյանի պատմվածքների ժողովածուն և ասի սա մեղադրական եզրակացություն է…», – դատարանում հայտարարեց Արամ Օրբելյանը։

Փաստաբանի խոսքը, սակայն, մեղադրանքը պաշտպանող Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը ընդհատեց և ներկայացրեց առարկություն. «Խնդրում եմ դադարեցնել այդ ձևակերպումները։ Եթե կվկայակոչեք պատբմվածքներից մեջբերումներ, որի մասին խոսում եք, նույն ձև պատասխանեք նաև դուք»։

Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը ընդունեց առարկությունը և հորդորեց որակումներ չանել։ Արամ Օրբելյանն ընդունեց առարկությունը. «Ես չասացի՝ պատմվածքներ կան, էդպես կարող է ավելի հետաքրքիր լիներ»։

Շարունակելով ներկայացնել դիրքորոշումը՝ Օրբելյանը հայտարարեց, որ մեղադրանքի տեքստը պարզ չէ և պաշտպանական խմբի մոտ ամեն տողից ենթադրություններ են ծագում։ Մասնավորապես, ըստ փաստաբանի, մեղադրանքում նախաքննական մարմինը չի վերլուծել՝ 300 և 300.1 հոդվածի էությունները, դրանց տարբերությունները։

«Եթե անձին մեղադրում են մի հոդվածով, որը ուժի մեջ է մտել այդ արարքը կատարելուց 1 տարի հետո, անձը պետք է ունենա նկարագրություն, թե 2008-ի փետրվար-մարտ ամիսներին գործած ո՞ր հոդվածով է նախատեսված եղել այդ արարքը և դրանք համընկնո՞ւմ են, թե ոչ», – պարզաբանեց Օրբելյանը։