Գլխավոր Նորություններ Օրբելյան. Ոչ միայն մենք, այլև արտասահմանցի դոկտորները չեն տեսնում ենթադրյալ գործողությունների ու...

Օրբելյան. Ոչ միայն մենք, այլև արտասահմանցի դոկտորները չեն տեսնում ենթադրյալ գործողությունների ու 300.1 հոդվածի կապը

95

«Հարգելի դատարան, ուզում եմ ուշադրություն հրավիրեք այս հատվածին, երբ ասում ենք պարոն Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով, այն է՝ դադարեցրել է Սահմանադրության 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածները, դա չի նշանակում նկարագրություն»,-Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստի ընթացքում կալանքից ազատելու միջնորդությունը ներկայացնելիս ասաց փաստաբան Արամ Օրբելյանը՝ պնդելով, որ դատարանն ու դատախազը պարտավոր են մեղադրանքի բնույթի ու հիմքերի վերաբերյալ հանգամանալից տեղեկություն ներկայացնել մեղադրյալին։

Նա հիշեցրեց օրենքի պահանջը, երբ արարքի քրեաիրավական որակման հիմքում պետք է ընկած լինեն փաստերը, հանցագործության ու դրա հանգամանքների հետ կապված մանրակրկիտ նկարագրությունը, մեղադրանքը պետք է արտացոլի մեղսագրվող գործողությունները, այն պետք է ներառի հանցակազմի բոլոր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները։

Օրբելյանն ընդգծեց, արդար դատաքննության իրացման առումով անընդունելի է, երբ իրավասու պաշտոնատար անձը համապատասխան դատավարական փաստաթղթերում մեղադրանքը ձևակերպելիս սահմանափակվում է միայն քրեական օրենքով արգելված գործողության ընդհանրական նկարագրությամբ։

Փաստաբանն ասաց, մեղադրանքն ուսումնասիրելիս ենթադրյալ գործողությունների, որոնք դեռ ապացուցման կարիք ունեն, ու դրանց կապը քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ չեն տեսնում։

«Ոչ միայն ես չեմ տեսնում։ Խոսել եմ իրավաբանության՝ ֆրանսիացի, ռուս դոկտորների հետ, խոսել եմ անգլիացի մասնագետների հետ, խոսել եմ բելառուս թեկնածուի հետ, ոչ մեկ տեքստից չի կարողանում հասկանալ դրանց միջև եղած կապը»,-ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը։

Հիշեցնենք, որ ըստ համառոտ մեղադրական եզրակացության, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։
Վերջին մեղադրանքը դատարանը հիմնավոր չէր համարել։