Գլխավոր Շոուբիզնես Ռուսական «Ձայնը. երեխաներ» նախագիծը Ալսուի դստեր հաղթանակը չեղարկելուց հետո հատուկ եթեր կունենա...

Ռուսական «Ձայնը. երեխաներ» նախագիծը Ալսուի դստեր հաղթանակը չեղարկելուց հետո հատուկ եթեր կունենա բոլոր ֆինալիստների մասնակցությամբ

146


Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ Ռուսաստանի Առաջին ալիքը չեղարկել է «Ձայնը. երեխաներ» երաժշտական նախագծի եզրափակչի քվեարկության արդյունքները։ Ավելի ուշ Առաջին ալիքը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, համաձայն որի, մայիսի 24-ին ուղիղ եթերում տեղի կունենա նախագծի հատուկ թողարկումը, որին մասնակցելու են եզրափակիչ անցած բոլոր երեխաները։

«Կարևոր է ընդգծել, որ ստուգման նպատակն էր հաստատել կամ հերքել քվեարկության վրա կողմնակի ազդեցության փաստը, ոչ թե որևէ մեկին մեղադրանք ներկայացնել։ «Ձայնը. երեխաներ»–ը հեռուստանախագիծ է, որը կոչված է մասնակիցներից յուրաքանչյուրին տալու դրական փորձ։ Մենք կարծում ենք, որ երեխաները չպետք է պատասխանատվություն կրեն արարքների համար, որոնք իրենք չեն գործել։ Յուրաքանչյուր մասնակից դառնում է «Ձայնը» նախագծի մեծ ընտանիքի անդամ, իսկ դժվարին պահերին ընտանիքները դառնում են ավելի համախմբված»,- ասված է հայտարարության մեջ։

Ստուգումն անցկացրել է Group-IB ընկերությունը, որը  մասնագիտացված է կիբերհարձակումների և թվային հետաքննությունների գծով։ Համաձայն քննության արդյունքների` քվեարկության ժամանակ տեղի է ունեցել կողմնակի միջամտություն, որի շնորհիվ ձայների թիվն արհեստականորեն աճել է։ Group-IB ընկերությունը վերջնական հաշվետվություն կներկայացնի մայիսի վերջին, սակայն, ըստ Առաջին ալիքի ղեկավարության, նախնական քննությունն ու կողմնակի ազդեցության հաստատումն իրենց հիմք են տվել նման որոշում կայացնել։

«Մենք ամեն ինչ կանենք քվերակության մեխանիզմը կատարելագործելու և նման միջադեպերից խուսափելու համար։  ««Ձայնը. երեխաներ» նախագծի 6-րդ եթերաշրջանում տեղի ունեցածը պետք է դառնա առաջին ու վերջին դեպքը, երբ որևէ մեկը փորձ է արել ղեկավարել հանդիսատեսի ընտրությունը»,- նշվում է Առաջին ալիքի հայտարարության մեջ։

Նշենք, որ մրցույթի եզրափակիչ փուլ էին հասել նաև 2 հայ երգիչ՝ «փոքրիկ ղարաբաղցի» Միշան և Ռոբերտ Բագրատյանը, սակայն հեռուստադիտողների քվեարկության փուլում նրանք դուրս մնացին սուպերեզրափակչից։