Գլխավոր Մամուլ Անհետացող տեսակները

Անհետացող տեսակները

194

hayeli.am-ը գրում է. Անկեղծորեն հպարտություն ես ապրում՝ տեսնելով Արցախի երկու նախագահներ Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին դատարանում, նրանք այնտեղ են հայտնվել իրենց մարտական ընկերոջ, իրենց զինակից, եւ ի վերջո Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու երաշխավորությամբ: Այս մարդիկ հասկանալով, թե համատարած զոմբիացման մթնոլորտում ինչպիսի պա8սավանքի ու անգամ հայհոյանքների կարժանանան, բայց միեւնույն է ընկերությունը, հավատարմություն ամեն ինչից վեր են դասում: Նրանք ձեռք են մեկնում իրենց ընկած ընկերոջը, ճամբարափոխ չեն լինում հանգամանքների բերումով, նրանք միայնակ չեն թողնում նեղության մեջ հայտնված իրենց մտերիմ մարդուն, ինչը հաստատ դրվատանքի է արժանի:
Հայաստանում հիրավի պատմական օրեր ենք ապրում, երեք նախագահները մեկ օրում հայտնվում են դատարանում ու այս ամենին քար անտարբերություն ու լռություն ՝ տիրում բազում շրջանակներում, մարդիկ որոնք պիտի խոսեին, գուցե հանդուրժողականության կոչեր անեին, բայց պատսպարվել են ապահով վայրերում: Առաջինը ՀՀ նախագահն է, Սահմանադրության երաշխավորը, ով կարող էր կոչով դիմեր դատարանի դիմաց Քոչարյանի կողմ եւ դեմ ցույցեր անող հանրության իբրեւ Սահմանադրության երաշխավորի, բայց ոչ, նա դա չի անի, քանզի իր առաքելությունը արտերկրում շրջագայելն է եւ իշխանության կամքը անվերապահ կատարելը:

Իր հոտին միայնակ չպիտի թողներ վեհափառ տերը՝ Գարեգին Բ-ն, բայց նա էլ կարծես թե գտել է ապահով ապրելու բանաձեւը, որի լուծումը տրվում է վարչապետի տիկնոջ հիմնադրամում, այդ լուծում միլիոններ արժե:

Մարդիկ, որոնք Ռոբերտ Քոչարյանի հետ երկար ճանապարհ են անցել ու ինչ որ պահի եղել են նրա հավատավոր զինվորները: Տարակուսելի է, անշուշտ, Դավիթ Հարությունյանի լռությունը, ում հետ կապված ժամանակին նախագահ Քոչարյանը հավակնոտ պլաններ ուներ եւ Հարությունյանին նախագահ դարձնելու մեծ ցանկություն ուներ: Կամ օրինակ դաշնակցական Դավիթ Լոքյանը, որը համարվում էր Քոչարյանի իշխանության օրոք ամենաարտոնյալ մարդկանցից՝ նախարարներից մեկը:

Եւ վերջապես՝ հենց ՀՅԴ-ն, Ռոբերտ Քոչարյանի երբեմնի քաղաքական հենարանը, որը տարիներ, տասնամյակներ շարունակ շնորհիվ Քոչարյանի իր բաղձալի տեղում էր ու վայելում էր իշխանությունը բյուր-բյուր բարիքներով: 
Այս բոլորը վերջին օրերին լռում են՝ ցույց տալով, որ սկզբունքներն ու մարդկային հարաբերությունները հավերժ չեն, հավերժը շահն է, որն այս պահին լռել է պահանջում: