Գլխավոր Արցախ Դավիթը չափազանց համեստ, հավասարակշռված տղա էր, ուներ աշխատելու մեծ սեր, եթե հանգամանքներն...

Դավիթը չափազանց համեստ, հավասարակշռված տղա էր, ուներ աշխատելու մեծ սեր, եթե հանգամանքներն այսպես չդասավորվեին, անպայման կշարունակեր ուսումը. զոհված զինծառայողի ուսուցչուհի

221

Դավիթը չափազանց համեստ, հավասարակշռված, շատ լուրջ տղա էր, ուներ աշխատելու մեծ սեր, պարկեշտ անձնավորություն էր, մեծերի նկատմամբ խիստ հարգանքով. խոսելով թուրք-ադրբեջանական հարձակման հետևանքով մարտում զոհված զինծառայող, 2002 թվականի ծնված Դավիթ Ղուլյանի մասին, Tert.am-ին պատմում է Վանաձորի 11 ավագ դպրոցի «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Լալա Միրզոյանը:

«Դավիթը շատ ընկերասեր էր, դասարանում երեք տղա էին, 19 աղջիկ, երեք տղաներով աղջիկների պաշտպանն էին, հիմա Դավիթը չկա, իսկ երկուսը սահմանին են: Դավիթը շատ պատասխանատու էր, հեռվից էր գալիս դպրոց, բայց երբեք չէր ուշանում դասից, ի տարբերություն մոտիկ ապրող երեխաների: Իր համար դիտողություն ստանալը պատվի հարց էր: Շատ համեստ ու հրաշալի մայր ուներ, Դավիթը շատ անհանգստանում էր, որ որևէ մեկն իր մայրիկին դպրոց չկանչեր ու իր վարքագծի համար դիտողություն չաներ, ասում էր՝ ամեն ինչ անելու եմ, որ մամայի համար լավ լինի»,- հիշում է ուսուցչուհին:

Դավիթն ապրում էր Վանաձորում, իրենից մեծ եղբայր, ունի, ով նույնպես ծառայել է բավականին վտանգավոր գոտում, փոքրիկ դպրոցական քույր ունի, որի նկատմամբ շատ ուշադիր ու հոգատար էր: Դավիթը սովորել չի հասցրել այս տարվա շրջանավարտ է եղել, հուլիսի 28-ին զորակոչվել է բանակ, ուսուցչուհին համոզված է, եթե հանգամանքներն այս կերպ չդասավորվեին Դավիթն, անպայման, կշարունակեր ուսումը, քանի որ շատ ձգտումներ ու երազանքներ ուներ:

«Դասի ժամանակ վերջին թեման ուսումնասիրել են Արցախյան ազատամարտը, ներկայացրել ենք Արցախյան առաջին և 2016 թվականի հերոսներին, Դավիթը ներկայացրել էր Ռոբերտ Աբաջյանին»,- հուզմունքով պատմում է Լալա Միրզոյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 331 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։