Գլխավոր Արցախ Ադրբեջանական թիրախավորումից տուժած բոլոր բնակավայրերը վերականգնելու ենք. Պարգև Սրբազան

Ադրբեջանական թիրախավորումից տուժած բոլոր բնակավայրերը վերականգնելու ենք. Պարգև Սրբազան

3

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը վստահեցնում է՝ Շուշիի եկեղեցին, ինչպես նաև ադրբեջանական թիրախավորումից տուժած բոլոր բնակավայրերը վերականգնելու են՝ հիշեցնելով, որ 90-ականների պատերազմից հետո ևս դրանք ավերված են եղել:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին Պարգև Սրբազանն ասաց մամուլի ասուլիսում:

«Երեկ, հրթիռակոծելով Ղազանչեցոց եկեղեցին՝ հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել, մեզ հուսահատեցնել: Միջազգային տեռորի, բարբարոսության ձեռագիր է սա, մենք շատ լավ հասկանում ենք: Մենք վերականգնելու ենք և՛ Ստեփանակերտը, և՛ Շուշին, և՛ մյուս բնակավայրերը, և՛ բոլոր ենթակառուցվածքները: Համազգային ուժերով կվերակագնենք, մեկ է՝ փյունիկի պես հառնելու ենք մեր ազգն էլ, մեր հայրենինքն էլ», – ասաց Սրբազանը։

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշեց, որ հայկական կողմի դեմ հակառակորդը շատ ուժեղ է պայքարում։

«Մենք ենք, մեր Աստված և մեր բանակը։ Մեր 18-20 տարեկան տղաները իրոք հերոսներ են, հիանալ կարելի է, շնորհակալ եմ իրենց ծնողներին, որ այսպիսի հզոր տղաներ են դաստիարակել մեր հայրենիքի համար: Նրանք ամեն օրվա հրետակոծության ժամանակ սարի պես կանգնած են։ Մեր ուժերն անհավասար են, սակայն մենք կատաղի դիմադրում ենք, և մեր գործն արդար է»,- ընդգծեց Արցախի թեմի առաջնորդը։

Նա վստահեցրեց, որ պետք է ազգային միաբանություն, համազգային աղոթք, հզոր կամք և անսասան ոգի:

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ևս մեկ անգամ կոչ արեց մասնակցել համահայկական դրամահավաքին:

Ադրբեջանը հոկտեմբերի 8-ին 2 անգամ հարվածել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն: Երկրորդ հարվածի ժամանակ տուժել են տարածքում իրենց մասնագիտական գործունեությունը ծավալող 3 լրագրող: