Գլխավոր Նորություններ Գներ եւ պատերազմ

Գներ եւ պատերազմ

29

Արդեն մի քանի օր է՝ Երեւանի մթերային խանութներում առաջին անհրաժեշտության սննդամթերքի թանկացում է նկատվում: Շաքարավազը, որը դեռ մեկ շաբաթ առաջ մեծածախ շուկայում մոտ 230-233 դրամով էր վաճառվում, այսօր վաճառվում է 257 դրամով: Շաքարավազի մանրածախ գինը հասնում է 350 դրամի:

Գնաճ է արձանագրվել նաեւ հնդկաձավարի, ալյուրի շուկայում: Մակարոնեղենը, սակայն, 20-30 դրամով էժան է:

 Ձեթի մեծածախ գինը մեկ շաբաթ առաջ 650 դրամ էր, այժմ 700-ից անցնում է:

 «Ես նախկինում ձեթը գնում էի խանութիս համար 650 դրամով, այժմ գնում եմ 720 դրամով եւ վաճառում եմ 800 դրամ եւ ավելի»,- ասում է Շենգավիթի մթերային խանութի  սեփականատեր Ս․-ն: 

Մենք զրուցեցինք վաճառքի մի քանի այլ կետերի աշխատողների հետ, որոնք նույնպես հաստատեցին թանկացումները, սակայն  դրանք չէին կապում պատերազմի հետ: «Եղանակները ցրտել են, դրա համար գներն աճում են»,- ասում էին մեզ: 

Սակայն կան ապրանքատեսակներ, որոնց գները բարձրացել են պատերազմական իրավիճակով պայմանավորված: Ծաղիկները՝ վարդ, մեխակ, թրաշուշան (գլադիոլուս), որոնք հատկապես պահանջված են հուղարկավորությունների ժամանակ, գրեթե 50-100 տոկոսով թանկացել են: «Մենք վարդը 1000 դրամով ենք դեռ վաճառում, բայց վաղը ստիպված թանկացնելու ենք, մենք հիմա թանկով ենք առնում»,- ասաց ծաղկի շուկայի աշխատակցուհին: Երեկ մեկ թրաշուշանը Երեւանում արժեր միջինը 1500 դրամ: Այս գինն արձանագրեցինք 4-5 խանութ այցելելով: 
 «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը նկատել են, որ թանկացել է զինվորական հագուստը:

Մեր դիտարկմամբ, հագուստի կոմպլեկտն այսօր «սեւ շուկայում» արժե միջինը 18-25 հազար դրամ: Նախքան պատերազմը գները «սեւ շուկայում» մինչեւ 15-17 հազար դրամի սահմաններում էին: 
ՏՄՊՊՀ-ն, արձագանքելով ՖԲ գրառումներին, ուսումնասիրել է մասնագիտացված մի շարք տնտեսվարողների մոտ զինվորական համազգեստի գների բարձրացման հարցը, հաշվի առնելով զինվորական համազգեստի գների բարձրացման վերաբերյալ մամուլում եւ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները: «Մասնագիտացված իրացում իրականացնող մի շարք տնտեսվարող սուբյեկտներ հանձնաժողովին հավաստիացրել են, որ ոչ միայն չեն բարձրացրել զինվորական համազգեստի գները:

Նշված պայմաններում մի շարք վերավաճառողներ հնարավորություն են ստացել ապրանքն էժան ձեռք բերել եւ ավելի թանկ վաճառել, որոնց հայտնաբերման եւ նույնականացման նպատակով հանձնաժողովում ներկայումս իրականացվում են աշխատանքներ»,- գրել է հանձնաժողովը՝ հորդորելով զերծ մնալ գների անհիմն բարձրացումներից, քանի որ իրավախախտում հայտնաբերելու դեպքում լինելու են ծանր ֆինանսական պատասխանատվության միջոցներ: Նկատենք, որ զինվորական հագուստը հիմնականում ձեռք են բերում «սեւ շուկայից», ինչպես ասում են՝ «ձեռքի վրայից», քանի որ մասնագիտացված վաճառքի կետերում այն միշտ էլ թանկ է եղել: Մինչդեռ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է միայն մասնագիտացված խանութների գները, որոնք քիչ գնորդներ ունեն: