Իրանի նախագահ Հասան Ռոհանին զանգահարել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին և քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տիրող իրավիճակը:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այս մասին տեղեկացրել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի միջև: Տեղի է ունեցել ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակի վերաբերյալ կարծիքների մանրակրկիտ փոխանակում»,-ասվում է Կրեմլի հաղորդագրությւոնում:
Զրույցի ընթացքում Ռոհանին Պուտինին աջակցություն է հայտնել ԼՂ-ում կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների և բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսման առնչությամբ:
Հիշեցնենք, որ Մոսկվայում ավելի քան 11 ժամ տևած խորհրդատվական բանակցություններից հետո ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կողմերի միջև ձեռք է բերվել մարդասիրական նպատակներով հրադադարի համաձայնություն:
Լավրովը ներկայացրել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարությունը, ըստ որի.
Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.
1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։