Գլխավոր Նորություններ Լավրովը հայտարարել է, որ Անկարան աջակցում է ԼՂ հարցով Մոսկվայի, Երևանի և...

Լավրովը հայտարարել է, որ Անկարան աջակցում է ԼՂ հարցով Մոսկվայի, Երևանի և Բաքվի ձեռք բերած պայմանավորվածություններին

817

Թուրքիան աջակցում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների կողմից Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններին: Այս մասին այսօր Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ընդգծեմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ողջունել է մեր գիշերային աշխատանքի ընթացքում մոսկովյան պայմանավորվածությունների ձեռքբերումը։ Ես, ի դեպ, կապվեցի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավոշօղլուի հետ, նրան տեղեկացրի, որ մենք հույս ունենք մեր ջանքերում աջակցություն ստանալ, և կիրակի մենք հերթական անգամ հեռախոսազրույց ունեցանք, որի ընթացքում հաստատվեց մոսկովյան փաստաթղթին աջակցությունը», – ասել է Լավրովը՝ հավելով, որ այժմ աշխատանքներ են տարվում ձեռք բերված պայմանավորվածությունները գործնականում իրագործելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 12-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 168 անօդաչու թռչող սարք, 514 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4919 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 429 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում: