Գլխավոր Uncategorized Անդառնալի կորուստները կանխելու համար պահանջում ենք՝ ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ...

Անդառնալի կորուստները կանխելու համար պահանջում ենք՝ ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության անցնցում հեռացումը. հայտարարություն

710

17 կուսակցություն քիչ առաջ հայտարարությամբ են հանդես եկել` հրատապ համարելով Փաշինյանի կառավարության հրաժարականը:

«Հայ ժողովուրդը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժեր, մեկտեղել են իրենց կարողականությունը՝ դիմագրավելու հայկական երկու պետություններին ուղղված թուրքադրբեջանական ագրեսիան:

Պատերազմական այս օրերին քաղաքական, դիվանագիտական և ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով իշխանություններին ենք ներկայացրել բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում իրավիճակի շտկմանն ուղղված հանդիպումների առաջարկներ, որոնք մնացել են անպատասխան և չիրագործված:

Պատերազմը սաստիկ է, կորուստներն՝ անդառնալի և ծանր: Որպես պետություն և ժողովուրդ կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջև, որը պահանջում է վճռական որոշումներ և գործողություններ: Մինչդեռ, քաղաքական իշխանությունների ձեռնարկած քայլերը համարժեք չեն մեր ժողովրդին ուղղված գոյապահպանական սպառնալիքին:

Այս ընթացքում իշխանությունն ի ցույց դրեց իր բացահայտ անկարողությունը, ներքին և արտաքին մարտահրավերները դիմակայելու անընդունակությունը: Մարդկային և տարածքային կորուստները, Հայաստանի դաշնակիցների և առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ ոչ լիարժեք հարաբերություններն ակնհայտ են դարձնում գործող իշխանության սնանկությունը:

Այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են քաղաքական իշխանությունները, որոնք չձերբազատվեցին անսխալականության իրենց բարդույթից՝ հայկական երկու պետությունները կանգնեցնելով ծանր իրողությունների, իսկ Արցախը՝ նաև տարածքային լրջագույն կորուստների առջև: Ուստի, իշխանությունները զրկվել են հայ ժողովրդին ներկայացնելու քաղաքական և բարոյական հիմքերից:

Անդառնալի կորուստները կանխելու համար, պահանջում ենք՝

1. ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության ժամ առաջ, ինքնակամ և անցնցում հեռացումը,

2. իրավիճակում բեկում մտցնելու կարողություն ունեցող և ռազմաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծումը:

Սիրելի հայրենակիցներ,
օրհասական այս պահին մեր պահանջը թելադրված է հայկական երկու պետությունների լինելիության հրամայականով և այն վստահությամբ, որ նոր իրավիճակում հայոց անկոտրում բանակն ու միասնական հայ ժողովուրդն ի զորու են հաղթական ճեղքում ապահովել ռազմաճակատում:

1 «Ազատություն» կուսակցություն

2 «Ազգային անվտանգություն» կուսակցություն

3 «Ազգային օրակարգ» կուսակցություն

4«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն

5 «Ազգային համաձայնություն» կուսակցություն

6 «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցություն

7 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

8 «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն

9 «Երկիր Ծիրանի» կուսակցություն

10 «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն

11 «Համերաշխություն» կուսակցություն

12 «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն

13 «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն

14 «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցություն

15 «Հայրենիք» կուսակցություն

16 «Մեկ Հայաստան» կուսակցություն

17 «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն

09.10.2020 թ.

Հ.Գ. Հայտարարությունը բաց է միանալու համար: