Գլխավոր Նորություններ Հասարակության մեջ ձևավորվել է գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանն այլևս...

Հասարակության մեջ ձևավորվել է գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի զբաղեցնելու երկրի ղեկավարի պաշտոնը և պետք է օր առաջ հեռանա. Արթուր Վանեցյան

175

Հասարակության մեջ ձևավորվել է գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս այն հարցի շուրջ, որ Նիկոլ Փաշինյանն այլևս ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական առումով իրավունք չունի զբաղեցնելու երկրի ղեկավարի պաշտոնը և պետք է օր առաջ հեռանա: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը՝ վստահեցնելով, որ ակտիվորեն աշխատում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ուղղությամբ։

ԱԱԾ նախկին տնօրենը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր ուժերի զանգվածային ակցիաները որևէ արդյունքի չեն հանգեցրել։

«Պատերազմի սկզբից ի վեր Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը միտված են իր իշխանությունն ամեն կերպ պահպանելուն։ Բայց հավատացեք` նրա հրաժարականը շատ կարճ ժամանակում իրականություն է դառնալու, և նրա` վարչապետի պաշտոնին մնալու յուրաքանչյուր օրն ու վայրկյանը լրջագույն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար»,- շեշտեց Վանեցյանը։

Ըստ «Հայրենիք» կուսակցության ղեկավարի` Փաշինյանի հրաժարականի հարցն ի վերջո լուծելու է Ազգային ժողովը։

Վանեցյանը կարծում է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն արդեն իսկ ունեն այդ որոշումը։

Հարցին, թե ինչո՞ւ չի հավաքվում կրիտիկական այն զանգվածը, որի ճնշմամբ Փաշինյանը կարող է հեռանալ, Վանեցյանը պատասխանեց` կրիտիկական զանգվածը որոշվում է ոչ թե հրապարակում հավաքված մարդկանց քանակով, այլ մարդկանց ուղեղներում առկա ցանկություններով։ ԱԱԾ նախկին տնօրենը խոստովանեց, որ իրենց համար ևս դեռ հստակ չէ, թե Փաշինյանի հնարավոր հրաժարականի դեպքում ով է փոխարինելու նրան։