Գլխավոր Նորություններ Ինչ նպատակով են ռադիոէլեկտրոնային պայքարի «Լեեր-3» նորագույն ռուսական համալիրները բերվել ԼՂ. Репортёр-ի...

Ինչ նպատակով են ռադիոէլեկտրոնային պայքարի «Լեեր-3» նորագույն ռուսական համալիրները բերվել ԼՂ. Репортёр-ի անդրադարձը

141

Ռուսական «Լեեր-3» ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն համալիրների հայտնվելը Լեռնային Ղարաբաղում իրական ռեզոնանս է առաջացրել ադրբեջանական ու թուրքական լրատվամիջոցներում, գրում է Репортёр-ը՝ ներկայացնելով, թե իրականում ինչ սարքերով է համալրվել ռուս խաղաղապահ զորքերի զինանոցն ու ինչ նպատակով են դրանք բերվել Լեռնային Ղարաբաղ։

Ինչպես գրում է պարբերականը, ընդհանուր առմամբ, ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներն արդեն վաղուց բարձր հեղինակություն են վաստակել և դրա համար բազում պատճառներ կան։ Նման սարքերի միջոցով են ռուսական զինված ուժերը շարքից հանել ամերիկյան «Դոնալդ Քուք» էսկադրային ականակրի էլեկտրոնիկան, հարկադիր վայրէջքի ուղղել MQ-5B ԱԹՍ-ն և փաստացի «կաթվածահար արել» AH-64 Apache հարվածային ուղղաթիռը։

Ինչ վերաբերում է ԼՂ-ում տեղակայված խաղաղապահների տրամադրության տակ հայտնված «Լեեր-3» համալիրներին, ապա դրանք նախատեսված են մինչև 4G բջջային կապով աշխատող բոլոր սարքերի աշխատանքի խափանման կամ շեղման, ինչպես նաև ազդանշանների միջոցով հրետանու համար հստակ թիրախավորում ապահովելու համար։

Միևնույն ժամանակ ԿամԱԶ-ի հիման վրա ստեղծված շարժական համալիրը հագեցած է երեք «Օրլան-10» անօդաչու սարքով, որոնք կարող են գործել հրամանատարական կետից մինչև 120 կմ հեռավորության վրա և ճնշել կապը 6 կմ շառավղով։ Բացի այդ, տվյալ ԱԹՍ-ները կարող էն իրենք բջջային աշտարակ «ձևանալ»՝ կեղծ հաղորդագրություններ ուղարկելու և «թրաֆիքը» որսալու համար։

Չնայած, որ ադրբեջանական լրատվամիջոցները ռուսական համալիրն իրական վտանգ են համարում անօդաչուների համար, այն, այնուամենայնիվ, նախատեսված է այլ բանի համար, գրում է պարբերականը՝ ընդգծելով, որ առաջին հերթին «Լեեր-3» համալիրները թույլ կտան ռուս զինվորականներին ավելի լավ վերահսկել Լեռնային Ղարաբաղի դժվար հասանելի տեղանքը։