Գլխավոր Նորություններ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վարչապետը չի կարող իմ նկատմամբ քաղաքական հետապնդում պատվիրել, բացառում եմ. Սանասարյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վարչապետը չի կարող իմ նկատմամբ քաղաքական հետապնդում պատվիրել, բացառում եմ. Սանասարյան

170

Ինչ նախաքննական մարմին ուզում է լինի, ինչ ցուցմունք տվող ուզում է լինի՝ չեն կարող խազ քաշել իմ բարի համբավի վրա, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով հարցին, որ ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրգործով, ինքն, ըստ տեղեկությունների, ներգրավվել է որպես կասկածյալ:

«Քրեական գործին վերաբերող մանրամասների մասին չեմ կարող խոսել, որովհետև նման պարտավորություն ունեմ։ Բայց դա չի ենթադրում, որ պետք է ինֆորմացիայի արտահոսք լինի և ես չկարողանամ համապատասխան տեղեկատվություն տալ, որպեսզի որևիցե ձևով չկարողանան իմ բարի համբավի վրա որևիցե բիծ անեն։ Դա ձեռք է բերվել տասնյակ տարիների պայքարի արյդունքում, դա ձեռք է բերվել սկզբունքային ու ազնիվ ապրելու արդյունքում ու չեն կարող, ինչ նախաքննական մարմին ուզում է լինի, ինչ ցուցմունք տվող ուզում է լինի, չեն կարող դրա վրա խազ քաշել։ Բնականաբար, ես համաձայն չեմ դրա հետ ու դա վիճակրվելու է համապատասխան իրավական ճանապարհներով», – ասաց Դավիթ Սանասարյանը․

Քրգործով իր կարգավիճակի մասին բոլոր հարցերը Սանասարյանը հորդորեց տալ ԱԱԾ-ին։

«Ես հարցաքննվել եմ, առերեսվել եմ, ասել եմ՝ ինչ ինձ հայտնի է։ Մի բան հստակ կարող եմ ասել, որ որևիցե մեկը, որևիցե կառույց չի կարող ինձ որևիցե կոռուպցիոն երևույթի հետ կապել, որովհետև ես ինքս սկզբունքորեն մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երևույթ, հատկապես հեգնողներին ասեմ՝ գերեզմանում էլ լինեմ՝ իմ անունը պայքարելու է կոռուպցիայի դեմ», – ասաց Սանասարյանը։

Դիտարկմանը՝ այդ դեպքում ինքն ու՞մ է խանգարում ու ի՞նչ նպատակ ունի այս գործընթացը, ՊՎԾ պետն արձագանքեց.

«Ես չեմ կարող ասել՝ ում եմ խանգարում, բայց  մի բան հասկանում եմ՝ տարբեր շրջանակներում արծարծվող թեմաներից։ Փորձ են անում ստեղծել մի իրավիճակ, որում էմոցիոնալ շարժվելով ես պետք է դուրս գամ երկրի վարչապետի դեմ։ Նման բան չի կարող լինել, ես վտահում եմ երկրի վարչապետին, դրա համար եմ այստեղ։ Չի կարող այնպիսի բան լինել, որ երկրի վարչապետը կոնկրետ իմ նկատմամբ քաղաքական հետապնդում պատվիրի, ես դա բացառում եմ», – ասաց Սանասարայանն՝ ավելացնելով.

«ՊՎԾ-ն ունի այնպիսի ֆունկցիաներ, որ շատերի ոտքերը կարող է տրորի, իհարկե, օրենքի շրջանակներում։ Այս պարագայում շատերը չեն ցանկանա, որ սկզբունքային, մաքուր, որևիցե գործարքների մեջ չմտած մարդ լինի»։