Գլխավոր Նորություններ «Մեր բակը» մանկապարտեզում ծեծում են երեխաներին․ ձայնագրություն

«Մեր բակը» մանկապարտեզում ծեծում են երեխաներին․ ձայնագրություն

595

Onnet.am-ը գրում է.

Ծնողներն ահազանգում են, որ «Մեր բակը» մասնավոր մանկապարտեզում երեխաների հանդեպ բռնություն են կիրառում։ Մանկապարտեզի ենթադրյալ աշխատողներից մեկը մոտ չորս ժամանոց ձայնագրություն է արել ու տվել ծնողներից մեին, որտեղ լսվում է, թե ինչպես է դայակներից մեկը ծեծի ենթարկում երեխաներին, վախեցնում, որ եթե խելոք չմնան, կփակի մութ սենյակում։ Ծնողներից մեկը, ով նախընտրեց չներկայանալ, մեզ տեղեկացրեց, որ այսօր առավոտյան, խմբի ծնողներից մեկը Viber մեսենջերում առանձին խումբ է բացել, որտեղ ներառել է բոլոր ծնողներին ու հենց այդ խմբին էլ ուղարկել է ձայնագրությունը։

Աշխատողը, ով արել է այս ձայնագրությունը, այն ծնողին տրամադրել է անանունության խոստումով, որ իր անունը չպետք է հրապարակվի, այլապես կարող է տնօրինության հետ խնդիրներ ունենալ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, ծնողներից երկուսն այս պահին գտնվում են ոստիկանությունում։ Ծեծի ենթարկող դայակն աշխատում է փոքրերի խմբում, որտեղ ընդունում են երեխաներ 40 օրականից սկսած։ Դայակի անունը Գայանե է, ազգանունը ճշտել չհաջողվեց։

Մանկապարտեզը քաղաքում ունի երեք մասնաճյուղ։ Դեպքը տեղի է ունեցել Զեյթունի (Կ․ Ուլնեցի, Կամարակ նրբանցք 15) մասնաճյուղում։ Մասնաճյուղի տնօրենը հեռախոսազանգերին չի պատասխանում։

Կից ներկայացնում ենք ձայնագրությունից հատվածներ, ամբողջական ձայնագրությունը 4 ժամ է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: