Գլխավոր Նորություններ Խուզարկության գործընթացը որևէ առնչություն չի ունեցել Վիտալի Բալասանյանի հետ. Ոստիկանություն

Խուզարկության գործընթացը որևէ առնչություն չի ունեցել Վիտալի Բալասանյանի հետ. Ոստիկանություն

169

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարել է, որ խուզարկության գործընթացը որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։

«Այսօր ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը ի սկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել», – Facebook-ի իր էջում գրել է Ա.Ահարոնյանը։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյան դեռ շարունակում է մնալ Երևանի Ավան վարչական շրջանում։Ոստիկաններն, ավտոմատներով զինված, կանգնեցրել են վերջինիս մեքենան`, պահանջելով զննություն իրականացնել, քանի որ օպերատիվ տվյալներ ունեն, թե մեքենայում ապօրինի զենք կա։

Լրագրողների հետ զրույցում Վիտալի Բալասանյանն ասաց, որ ընկերոջ հետ է երթևեկելիս եղել, մեքենան իրենը չէ։

«Երեկ՝ օրվա երկրորդ կեսից եմ Երևանում, եկել էի մասնակցելու ընկերոջս հոր 90-ամյակին», – ասաց Վիտալի Բալասանյանը։

Նա նշեց, որ այս ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին չի հանդիպել, չի զանգահարել, որևէ կապ չի ունեցել նրա հետ։

Նշենք, որ Բալասանյանը թույլ չի տալիս զննել իր մեքենան՝ ասելով, որ չկա համապատասխան փաստաթուղթ։

«Մեռնեմ օրենքի տառին, թող դատարանի թուղթը բերեն, թույլ տամ զննություն իրականացնեն», – ասաց Վիտալի Բալասանյանը։

Նշենք նաև, որ ոստիկաններն իրենց հետ նշված տարածք են բերել նաև ընթերականեր, որպեսզի Բալասանյանը թույլ տա զննություն իրականացնեն։

«Մինչև դատարանի որոշումը չլինի, չեն մոտենալու մեքենային», – ասաց Բալասանյանը։