Գլխավոր Շոուբիզնես «Երեխաները այս փուլում այստեղ դպրոց կգնան». Մանոն՝ Սարգսի և երեխաների հետ անժամկետ...

«Երեխաները այս փուլում այստեղ դպրոց կգնան». Մանոն՝ Սարգսի և երեխաների հետ անժամկետ ԱՄՆ մեկնելու պատճառի մասին

425

Դերասան Սարգիս Գրիգորյանն ու պարուհի Մանո Գրիգորյանը տարեվերջին իրենց դուստրերի՝ Էվայի և Յանայի հետ մեկնեցին ԱՄՆ: Սա քննարկումների տեղիք տվեց, որ զույգն արտագաղթել է: Անցնող տարում Սարգիսը խոսել էր արտագաղթելու մասին, երբ կարանտինի մասնակի վերացման փուլում պայքարում էր իրենց ոլորտի մարդկանց աշխատելու թույլտվության համար: Նա նշել էր, որ եթե կարանտինային օրակարգը երկարաձգեն, երկրից կգնա, քանի որ այսպես շարունակվելու դեպքում մարդիկ ապրելու գումար չեն ունենա:

Մանոն նշել է, որ ԱՄՆ մեկնել են անժամկետ: Երեխաները շուտով այնտեղ դպրոց կհաճախեն, քանի որ այս փուլում դեռ ԱՄՆ-ում են:

«Մեր մեկնելը շատ արագ ու անսպասելի ստացվեց: Սարգիսը գործնական առաջարկ ստացավ, արդյունքում ամբողջ ընտանիքով հայտնվեցինք այստեղ: Առայժմ անժամկետ ենք ԱՄՆ-ում: Չեմ կարող ասել՝ կմնա՞նք, թե՞ կվերադառնանք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանում իրենց բիզնեսը փակելուն՝ Մանոն ասաց. «Քանի որ մեր բիզնեսը հիմնականում կապված էր մեր անձերի հետ, դժվար կլինի այստեղից աշխատանքը կազմակերպել: Չենք կարող հարսանիք կազմակերպել, քանի որ Սարգիսը չի վարելու, իսկ իմ պարի ստուդիան կշարունակի գործել, քանի որ թիմս ուժեղ է»:

Անդրադառնալով արտագաղթելու մասին Սարգսի՝ ավելի վաղ արած հայտարարությանը՝ Մանոն ասաց. «Իր հարցազրույցներից մեկում Սարգիսը նման բան ակնարկել էր, բայց հավատացեք, այդ ժամանակ դրանք ուղղակի թռուցիկ խոսքեր էին: Հստակ մտադրություն չկար: Քանի որ եղավ առաջարկ, հաշվի առանք նաև իրավիճակն ու այն բացասական էներգետիկ դաշտը, որը պատել էր մեր ընտանիքին, որոշեցինք գոնե մի պահ հեռու լինել և կտրվել այդ ամենից»:

Պարուհին նկատեց, որ վերջին ամիսները ծանր էին բոլոր հայերի համար: «Այն, ինչ կատարվեց մեզ հետ, ահավոր էր: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայի սրտում ինչ-որ բան փոխվեց, կոտրվեցին հույսն ու հավատը, միաժամանակ, բոլորս պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուր փորձություն, որը տրվում է մարդուն, ինչ-որ բան գիտակցելու, հասկանալու և փոխելու հնարավորություն է: Մի պահ ինձ մոտ տպավորություն էր, որ դեպի անդունդն ենք գնում, որովհետև այն, ինչ կատարվեց, դաս չէր, մենք սկսեցինք փնովել, չարանալ, անիծել: Երկրում, ցավոք, շատ բան փոխվեց: Փոխվեցին մարդիկ, փոխվեցինք մենք՝ ես: Ամեն ինչ սկսեց բաժանվել՝ սև-սպիտակ, չար-բարի, հարուստ-աղքատ: Մենք բոլորս կորցրինք ամենակարևորը՝ մարդ լինելը, ներքաշվեցինք քաղաքականության մեջ, դարձանք քաղաքագետներ, քննադատներ՝ մոռանալով մեզ, մեր կյանքը: Ինձ համար ահավոր դժվար էր այդ մթնոլորտում մնալ, որովհետև բարին և լույսը սիրող մարդ եմ: Որքան էլ ինձ համար դժվար է հեռու լինել, կարծում եմ, իմ և ընտանիքիս համար լավագույն լուծումը որոշ ժամանակով այս ամենից հեռու մնալն է: Գիտեմ, որ այս հարցազրույցից հետո ևս մեզ կքարկոծեն, քննադատական մեկնաբանություններ կլինեն, բայց ինձ համար ամենակարևորն այն է, որ յուրաքանչյուր մարդ ունի ընտրության հնարավորություն, և ինքն է ընտրում՝ ինչպես ապրել: Ես սիրում եմ կյանքը, մեր կյանքը շարունակվում է, ու մենք ուզում ենք լավ ապրել»:

Մանոն նշեց, որ երեխաները իրենց շատ լավ են զգում, վայելում են օրերը: Փորձում են հարմարվել նոր միջավայրին: «Դեռ ադապտացիոն շրջանում ենք, փորձում ենք հարմարվել: Իրականում հոգիս Երևանում է, մարմինս՝ այստեղ: Սակայն ինձ այստեղ ավելի թեթև եմ զգում՝ չնայած կարոտն արդեն իր խոսքն ասում է»,- եզրափակեց նա:

Աղբյուր՝ https://www.tert.am/life/am/news/2020/12/31/usa/70431