Գլխավոր Նորություններ Ավազակային հարձակում՝ Արագածոտնի մարզում

Ավազակային հարձակում՝ Արագածոտնի մարզում

100

ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Արագածոտնի մարզում քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները: Մեկ անձ ձերբակալվել է:

2019 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 00:15-ին, Ալավերդի քաղաքի բնակիչը ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. մայիսի 19-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևան քաղաքի 3-րդ մաս թաղամասից Արագածոտնի մարզ է տեղափոխել անծանոթ անձի, ով դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է «Քսյաումի» մոդելի բջջային հեռախոս, ձեռքի ժամացույց, գումար և դիմել է փախուստի` պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:  Ալավերդի քաղաքի բնակիչը ճանաչվել է տուժող:

Քրեական գործով ձեռնարկված մի շարք քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Արագածոտնի մարզի բնակիչ՝ ծնված 1991 թվականին: Վերջինս հայտնաբերվել և ձերբակալվել է՝ ավազակություն կատարելու կասկածանքով:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված բջջային հեռախոսը, ձեռքի ժամացույցը և գումարը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: