Գլխավոր Նորություններ «Թող մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա...

«Թող մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել». Լենա Նազարյան

542

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում հիշեցրեց, որ Ամանորի նախօրեին վարչապետը հրավիրեց խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին` քննարկելու արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, որին հետևեց հաջորդ նախաձեռնությունը, այն է` վարչապետը խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ հանդիպեց Ազգային ժողովում, սակայն վերջիններս պնդեցին վարչապետի հրաժարականը։

«Ես ունեմ տպավորություն, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չեն ուզում արտահերթ ընտրություններ։ Նրանք ավելի քան վստահ են, որ նոր ընտրությունների դեպքում կառավարող ուժ չեն ընտրվի և անգամ չեն ստանա այնքան մանդատ, որքան ունեն հիմա։ Նրանք նախորդ ընտրություններում ավելի շատ բոնուսով էին մանդատ ստացել, քան ընտրություններով և բնական է, որ այսպիսի բարեբախտություն նրանց հետ այլևս չի պատահի։ Հաջորդ ընտրություններին նրանք ավելի քիչ ձայներով կհայտնվեն խորհրդարանում կամ չեն հայտնվի»,– նշեց Նազարյանը։

Լրագրողի հարցին թե որքանով է հնարավոր, որ «Իմ քայլը» խմբակցությունը աջակցի «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ որպես վարչապետի թեկնածու, Լենա Նազարյանը պատասխանեց, որ դա բացառում է, ըստ նրա` խորհրդարանական երկրում քաղաքագիտական տեսանկյունից անհեթեթություն է, որ քաղաքական թիմի վարչապետը լինի այլ քաղաքական թիմից։

«Եթե հեռանանք, պետք է հեռանանք թիմով։ Եթե ցուցակի առաջին համարը հեռանում է, ապա ես ինչո՞ւ պետք է մնամ, խորհրդարանում ի՞նչ պետք է անեմ»,- ասաց Նազարյանը։

Լենա Նազարյանը նաև նշել է, որ համաձայն չէ այն կարծիքների հետ, որ Արցախի կորցրած տարածքները պետք է վերադարձնենք պատերազմի միջոցով։ Նրա կարծիքով քաղաքական գործընթացների միջոցով պետք է վերադարձվեն տարածքները։ 

«Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»,– ասել է նա։

Նազարյանը նշել է, որ պետք է երկարատև խաղաղություն ունենալ բոլոր հարևանների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում: