Հայաստանում հունվարի 19-22-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։
Տեղեկությունը հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում` ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով» ,– Facebook-ի իր էջում գրել է նա։
Եվ ահա, կանխատեսումներն իրենց երկար սպասել չեն տալիս։ Մարզերում ու մարզային ճանապարհներին ձմեռային անոմալ տաքը սառնամանիք ու բուք է դարձել։
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 16-ից 17-ն 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ջրամբար գյուղում, Ճարճակիս գյուղում, Ապարան-Սարալանջ ավտոճանապարհին և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա:
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Թալինի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում և Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։ Ապարանի տարածաշրջանում թույլ գետնաբուք է։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: