Գլխավոր Նորություններ Իշխանության հերթական փորձն է ոչ կոմպետենտ ձևով փորձել ինչ-որ հարց լուծել. Վիկտոր...

Իշխանության հերթական փորձն է ոչ կոմպետենտ ձևով փորձել ինչ-որ հարց լուծել. Վիկտոր Սողոմոնյան

147

Իշխանության հերթական փորձն է ոչ մասնագիտական, ոչ կոմպետենտ ձևով փորձել ինչ-որ հարց լուծել՝ հետագա կառավարման համակարգում, ընդ որում՝ այն արվել է շատ պարզ և, կարծում եմ, ապօրինի ձևով: ‹‹Փաստինֆո››-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով Վարչապետի առաջարկով դատարանների մուտքերի ու ելքերի արգելափակմանը։

Մեր այն հարցին, թե որքանով է վարչապետի այս նախաձեռնությունը պայմանավորված դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշման հետ՝ Վ.Սողոմոնյանը նշեց. «Չէի ցանկանա դատարանների բակում իրականացվող ակցիան կապել կոնկրետ ինչ-որ գործի հետ։ Տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել, և արդեն իսկ բազմաթիվ մասնագետներ սա որակել են որպես սահմանադրական կարգի տապալում»:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման մասին՝ Սողոմոնյանն ասաց, որ այդ որոշումն արդար և սպասված էր: ‹‹Սպասված որոշում էր այն տեսանկյունից, որ վերականգնվեց արդարությունը և վերացվեց ապօրինի կալանքը››,-ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը:

Հարցին, մտավախություն չկա՞, որ վերջին զարգացումների համատեքստում Քոչարյանի խափանման միջոցը նորից կարող է փոխվել՝ նկատի ունենալով, որ որոշման հենց հաջորդ օրը, վարչապետը կոչ արեց արգելափակել դատարանների ելքերն ու մուտքերը՝ Սողոմոնյանը պատասխանեց. ‹‹Ճիշտն ասած այդ ուղղությամբ ես չեմ մտածել››:

Փորձեցինք ճշտել նաև, թե գրասենյակի ղեկավարը ինչպես է վերաբերում Փաշինյանի ելույթում նշած դատավորների վեթթինգին՝ Սողոմոնյանն ասաց, որ չի ցանականա անդրադառնալ վարչապետի ելույթին, քանի որ այն բավական քննադատության է արժանացել, որ կարծում է, որ մեկ կամ երկու քննադատություն ավել կամ պակաս, ոչինչ չի փոխի: