Գլխավոր Նորություններ Լուսաբացին Եռաբլուրում մի թարմ շիրիմ կավելանա՝ Ապրիլյան պատերազմի և Արցախյան 2֊րդ պատերազմի...

Լուսաբացին Եռաբլուրում մի թարմ շիրիմ կավելանա՝ Ապրիլյան պատերազմի և Արցախյան 2֊րդ պատերազմի հերոս…

9475

Լուսաբացին Եռաբլուրում մի թարմ շիրիմ կավելանա՝ Ապրիլյան պատերազմի և Արցախյան 2֊րդ պատերազմի հերոս՝


ՀՈՒՍԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, 24 տարեկան
Իմ Հույսը, իմ լույսը մարեց հավիտյան՝ իր կյանքը բաշխելով ապրողաց…
Գնացին, որ մենք ապրենք… Իսկ ո՞վ հարցրեց ինձ, ո՞վ հարցրեց՝ քո ամենաթանկի գնով ապրել ուզու՞մ ես …
Ոչ ոք …
Պետք չէ, իմ Ամենաթանկի, Ամենալավի գնով ինձ կյանք պետք չէ…
Ես իմ Ամենալավի՜ն եմ ուզում, ես իմ Ամենաթա՜նկն եմ ուզում, իմ միակին եմ ուզում …
Հանուն հայրենիքի …
Հու՛սս, գնացիր կռվի առաջին օրվանից, ՍՏԻՊԵՑԻՐ, որ տանեն ու նորից անցար պատերազմի դժոխքի միջով՝ նույն Ջաբրայիլում, հետո՝ Հադրութ, 630 հոգով մի մարդու պես պայքար՝ շրջափակումից դուրս գալու համար, մղձավանջային օրեր ու չարաբաստիկ հոկտեմբերի 21… << Ան, որ Ապրիլյանի օրերին կամավորները էկան ու կանգնեցին մեր կողքին, գիտես ոնց էինք ուրախացել։ Պիտի գայի ու կանգնեի էս տղերքի կողքին, պիտի գայի …>>, ֊ հակադարձել էիր քրոջդ՝ տուն դառնալու աղերսներին։ <<Չեմ զանգելու, որ էլ չասեք արի, մինչև կռիվը չպրծնի, չեմ գա … >>, ասացիր, բայց չեկար …
Իսկ մենք ոնց ապրենք, ո՞նց, եղբա՛յրս, ո՞նց համակերպվենք, որ հայրենիքը խլեց մեզնից Ամենաթանկը, Ամենանվիրականը՝ մեր միակին…
Արի ու մի ցնորվիր, արի ու մի խենթանա …
Դու միշտ էլ ուրիշ ես եղել, ուրիշ, Հու՛ս։ Ուզում էիր, որ զինակիցդ ապրի, իմ Հույս։ <<Հո չեմ թողնի, որ արյունաքամ լինի>>, — հակադարձել ես պատերազմի սարսափներից քարացած զինակիցներիդ ու քո ամուր, տաք պազուկներով գրկել քեզնից ընդամենը մեկ տարով փոքր վիրավորին, որն իր ողբ ու լացով շարժել էր միայն քո գութը, միայն քո, որովհետև դու ուրիշ ես, դու ուրիշ ես… Ծանր վիրավոր լեյտենանտը մենակ չկամեցավ երկինք բարձրանալ՝ իր հետ տանելով նաև Մեր Լույսը…
Չցանկացար թողնել արյունաքամ լինող զինակցիդ, բայց մենք պիտի ապրենք՝ ամեն օր արյունաքամ լինելով, Հո՛ւս, պիտի ապրենք քո ամուր ու տաք բազուկները գրկելու երազանքով … Հու՛ս, արևս, փրկածդ հայրենի հողը պիտի գրկի քեզ ամուր ու հավերժ, իսկ մենք երազներում միայն կարող ենք հասնել այդ բաղձանքին… Հուսս, բա մենք …
Ինչքա՜ն երազանքներ ունեիր …. Ա՜խ, արևս, անավարտ թողեցիր երազանքներդ բազում …
Մեր ուրախություն, մեր երջանկություն, ինչո՞ւ Ամենակարող Աստված այսքան դաժան գտնվեց, ինչու՞…
Ասում են՝ Աստված իր մոտ է տանում Ամենալավերին։ Երնե՜կ Լավագույնը չլինեիր ու կողքիս լինեիր, Հու՛սս, երնե՜կ Լավագույնը չլինեիր …
Երազում էի, որ գերիների մեջ լինեիր ու ողջ, բայց հոգուս խորքում հո գիտեի, որ դու գերի չես ընկնի, որովհետև քեզ հաղթել հնարավոր չէ։ Դիրքի տղաններն ասել էին՝ Հուսոյին ոչ մեկը չի կարա հաղթի, Հուսոյին ոչինչ չի լինի, ինքը շատ ուժեղ ա …
Իմ հզոր, միայն դու կարող էիր դիրքից իջնել այդ օրը, գիտեմ, որ մինչև վերջ պայքարել ես վիրավորների կյանքի համար, ինձ պետք չէր ասեին. ես հո քեզ լավ գիտեմ, ի՛մ պարծանք, ի՛մ հպարտություն։ Միայն դու կանեիր դա, որովհետև քեզ նմանը ՉԿԱ …
Երնեկ այդպիսինը չլինեիր ու կողքս լինեիր …
Մի պապի կա քո դիրքից, ասել էր՝ էդ ի՜նչ տղա է, ի՜նչ տղա … Ինչ ասում էինք, ասում էր՝ Ես կանեմ, ես կանեմ … Մի օր, ասում է ջղայնացա, ասացի՝ ա՛յ տղա, հո դու էն կինոյի միջի <<Я сам֊ը>> չես, մի քիչ նստի տեղդ …
Ես հո քեզ լավ գիտեմ, Հո՛ւսս, ես հո քեզ լավ գիտեմ …
Իմ լույս եղբայր, իմ հրաշք Հուսո, դու գիտես, դու գիտես, որ ես ողջ կյանքում գրելու եմ քեզ, զանգել եմ քեզ, ՍՊԱՍԵԼՈՒ եմ քեզ …

Շուշան Հովակիմյանի ֆեյսբուքյան գրառումը