Գլխավոր Մամուլ Փաշինյանի անսպասելի պոռթկման vetting-ը

Փաշինյանի անսպասելի պոռթկման vetting-ը

256

Hayeli.am-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան: Որոշումը Մարտի 1-ի տուժողների անունից բողոքարկվելու է: Այս մասին հայտարարել է Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը: Նա նաև տեղեկացրել է, որ ոչ ինքը, ոչ էլ գործով որևէ տուժող տեղեկացված չի եղել, որ Քոչարյանի փաստաբանական թիմը նման միջնորդություն է ներկայացրել դատարան:
Այս փաստով էր թերևս պայմանավորված վարչապետ Նիկոլ Փաշինյանի անսպասելի պոռթկումն ու դատարանները մի քանի ժամով փակելու նախաձեռնությունը: Փաշինյանին, փաստորեն, հունից հանել է ոչ թե Քոչարյանի ազատ արձակումը և խափանման միջոցի փոփոխությունը, այլ Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված նրա դեմ հարուցված գործի կասեցումն ու Սահմանդրական դատարան ուղղորդումը: ՍԴ-ն մեկամսյա ժամկետում պետք է հրապարակի որոշում` վարույթ ընդունելու վերաբերյալ և 6-ամսյա ժամկետում հրապարակի վերջնական որոշում:
Նիկոլ Փաշինյանն ըստ էության որոշեց հենց այս առիթն օգտագործել` ազդարարելու համար անցումային արդարադատության կիրառման սկիզբը և սրեց ղարաբաղյան հարցի քաղաքական ինտրիգը: Ղարաբաղի հարցը քննարկման առանձին թեմա է, անդրադառնանք դատական խնդրին:
ՀՀ բոլոր դատարանները փակելու ակցիան, իհարկե, անմտություն էր, որովհետև դրանով իշխանությունը որևէ խնդիր չլուծեց: Իրավաբանական հանրությունը շատ բացասական արձագանքեց ակցիային, բացի այդ նաև ակնհայտ դարձավ, որ վարչապետի կոչով նախկինի նման հզոր զանգվածներ դուրս չեն գալիս փողոց: 
Ինչ վերաբերում է բուն խնդրին` դատական համակարգի հեղափոխությանը. իր ելույթում Նիկոլ Փաշինյանը դրանք ամփոփեց 5 առանցքային կետերով:
1. Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Խոսքն այպես կոչված լյուստրացիայի մասին է, որն եթադրում է ստուգել, թե ինչքանով է մաքուր աշխատել տվյալ դատավորը, ներգրավված է կոռուպցիոն սխեմաներում, ինչ հարստություն են կուտակել ինքն ու իր մերձավորները, ինչ ճանապարհով և այլն: Ցանկացած հեղափոխությունից հետո լյուստրացիան, իսկապես, անհրաժեշտ գործընթաց է: Հայաստանի դատական համակարգում ևս առանց նման քայլի գնալու, դատարանների հանդեպ հանրային վստահության մթնոլորտ չի կարող ձևավորվել: Ամբողջ խնդիրը սակայն այն է, թե ինչու է Փաշինյանը vetting-ի պահանջ դնում միայն դատավորների և ոչ թե հանրային, պետական և իրավապահ ողջ համակարգի առջև: Ինչո՞ւ լյուստրացիա չի պահանջվում, օրինակ բարձարստիճան ոստիկաններից, դատախազներից, քննիչներից, ԱԱԾ պաշտոնյաներից, պետական կառավարման համակարգի պաշտոնյաներից: Ստացվում է, որ որոշ դատավորներ փորձել են Փաշինյանի ցանկություններին հակառակվել, դրա համար էլ vetting-ի են ենթարկվում, իսկ մյուսները կարող են հանգիստ ապրել:
2. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից: Սա միանգամյան ընդունելի մոտեցում է և շատ երկրներում կիրառելի: Այս մասին նախկինում տարբեր առիթներով խոսել ենք:
3. Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին: Այս կետը ռոմանտիկայի ժանրից է, որին կարելի է հումորով վերեբերվել: Պարզ չէ, թե մենք կամ ինքը` վարչապետը, ինչ չափանիշով է գնահատելու, թե դատավորի ներաշխարհում ինչ տեղի ունեցավ: 
4. Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, եւ մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը։ Այս կետին կարելի է անդրադառնալ, երբ ներկայացվեն խոստացված արդյունքները: 
5. Ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու եւ Հայաստանում իրապես, երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաեւ այդ քայլին, եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաեւ նման լուծումների: Փաշինյանն այստեղ ևս չի բացել փակագծերը, բայց ենթադրելի է, որ նպատակը դատական համակարգի էլիտային և հիմնական դերակատարներին փոխելն է` իշխանությունը լիրաժեք վերցնելու համար: Միջազգային նորմերը, որոնց վրա հղում է արել Փաշինյանը, այս հարցում բավական կոշտ են և դատարաններում ցանկալի կադրերին տեսնելու ցանկությունն այս առումով հեշտ իրագործելի խնդիր չէ: