Գլխավոր Նորություններ ՔԿՀ-ն հաստատում է. Վարդան Ղուկասյանի եղբորորդու մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել «Արթիկ»...

ՔԿՀ-ն հաստատում է. Վարդան Ղուկասյանի եղբորորդու մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել «Արթիկ» ՔԿՀ-ում

276

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում օրերս խցակից երկու դատապարտյալների միջև միջադեպ է տեղի ունեցել, որի մասնակիցներից մեկը եղել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբոր որդին՝ Վահե Ղուկասյանը։

ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի ծառայության պատասխանատու Նոնա Նավիկյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ կատարվածի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։

«Երկու դատապարտյալների միջև միջադեպ է տեղի ունեցել, որի մասնակիցներից մեկը Վահե Ղուկասյանն է եղել», – ասաց ԱՆ ՔԿՎ ներկայացուցիչը։

Ֆեյսբուքյան օգտատերերից Արուսյակ Հովհաննիսյանը տեղեկացրել էր դեպքի մասին ու ներկայացրել մանրամասներ. «Խախտվել են Վահե Ղուկասյանի իրավունքները։ Կալանավայրում առողջական ծանրագույն խնդիրներ ունեցող երիտասարդին քիչ է թե պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, մի բան էլ գիշերով նրա վրա մահափորձ է կատարվել հենց քրեակատարողական հիմնարկում։ Ո՞ւր են եղել կալանավայրի ոստիկանները, ինչո՞ւ են բաց եղել բանտախցի դռները, որ անհայտ մեկը անարգել մտնի և դանակով հարվածներ տեղա մարդու վրա։ Սա՞ էր մեր երազած երկիրը։ Ինչո՞ւ են ոտնահարվում մարդու իրավունքները հենց իրավապահների քթի տակ»։

Սակայն Նոնա Նավիկյանն ասաց, որ արտառոց ոչինչ չի եղել, խցակիցները միմյանց չեն հասկացել, ընդհանուր հայտարարի չեն եկել ու տեղի է ունեցել միջադեպ։

«Արնահոսություն կամ որևէ այլ լուրջ բան չի եղել։ Նույնիսկ հիվանդանոց տեղափոխելու կարիք չի եղել։ Անմիջապես առաջնային բուժօգնությունը ցուցաբերվել է քրեակատարողական հիմնարկում», – ասաց Նավիկյանը։

Հիշեցնենք՝ Վահե Ղուկասյանը դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման գյումրեցի քրեական հեղինակություն համարվող, Շեկո մականվամբ Արտյոմ Կարապետյանին սպանելու համար։ Սպանությունը տեղի էր ունեցել 2013-ի ապրիլին։