Գլխավոր Նորություններ Ապրիլյան պատերազմի հետ կապված բացահայտումներն ուղղված են լինելու Սերժ Սարգսյանի դեմ. ինչու...

Ապրիլյան պատերազմի հետ կապված բացահայտումներն ուղղված են լինելու Սերժ Սարգսյանի դեմ. ինչու էր մինչ այդ իշխանությունը խնայում նրան

247

«Հիմա արդեն կա քաղաքական կամք՝ կծիկը քանդելու: Ապրիլյան պատերազմի կծիկը: Հենց թեկուզ իրենց իշխանության ամրապնդման համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ երեկ դատաիրավական ոլորտին վերաբերող պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, ի թիվս դատական համակարգի առողջացմանն ուղղված հստակ գործողությունների, պլան ուրվագծելուց, վարչապետը նաև հայտարարեց, որ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար:

Ապրիլյան պատերազմի ժամանակ և դրանից հետո բազմաթիվ հարցեր ի հայտ եկան, որոնց պատասխանները առ այսօր տրված չեն։ Հարցերը կապված էին, թե՛ հետախուզական տվյալներ ձեռք բերելու, թե՛ զենքի մատակարարման, թե՛ վատելիքի ու զինտեխնիկայի հետ։ Հարցեր էին առաջ քաշվում, թե ինչու մենք նախապես չենք իմացել թշնամու հարձակման մասին, ինչու նախապես համապատասխան քայլեր չեն ձեռարկվել, ինչու է վառելիքի խնդիր առաջացել։ Այս բոլոր հարցերը համադրելուվ՝ վարկածներ էին առաջ քաշվում, որ ապրիլյան պատերազմը եղել է պայմանավորված։ Այս թեզը հատկապես պնդում էին «Սասնա ծռերի» ներկայացուցիչները, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության համակարգող Անդրեաս Ղուկասյանը և այլք։

«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, թե ինչպես է կոռուպցիան ազդել բանակի վրա»,- այս տարվա ապրիլին «Օրբելի» կենտրոնի կազմակերպած «Հայաստանը փոփոխությունների շեմին» միջազգային համաժողովի ժամանակ նման հայտարարություն էր արել Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Կոնստանտին Տասիցը:

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի խոսքով՝ Ապրիլյան պատերազմին չհաջորդեց քննություն, բայց միայն այդ քննությունը կարող էր օբյեկտիվ գնահատական տալ բանակում առկա կոռուպցիայի ազդեցության մակարդակի վերաբերյալ։ «Ապրիլյան պատերազմի հետ կապված շատ բաներ դեռևս փակ են, և մենք չունենք տեղեկատվություն ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ ոչ պաշտոնական մակարդակով։ Պաշտոնական մակարդակում չունենք, քանի որ շատ փաստաթղթեր ու փաստեր գաղտնի են, իսկ ոչ պաշտոնական մակարդակում չունենք, ու հնարավոր է՝ երբեք էլ չունենանք, քանի որ շատ երևույթներ այդպես էլ փաստաթղթային ամրագրումներ չստացան։ Օրինակ՝ մենք այդպես էլ հստակ չիմացանք, թե, ասենք, բարձրաստիճան X սպան այդ օրերին իրեն ինչպես է պահել, կամ X կառույցն այդ օրերին ինչպես է գործել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց փորձագետը՝ հավելելով. «Ապրիլյան պատերազմը դեռ շատ թարմ է, որպեսզի մենք դրա վերաբերյալ հետևություններ անենք կամ ասենք, որ դա ցույց տվեց, թե կոռուպցիան ինչպես է ազդել բանակի վրա։ Բայց քանի որ իշխանության մեջ քաղաքական կամք կա բացահայտելու կատարվածը, պետք է օբյեկտիվ քննություն լինի, որը քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ կարող է պարզել իրականությունը։Եվ պետք է արագացնել գործընթացը, քանի որ ինչքան ժամանակն անցնում է, այնքան ինֆորմացիան հնանում է։ Առավելագույնը, որ մենք կարող ենք իմանալ՝ զգալի ժամանակ անց գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծման արդյունքում որոշ հետևություններ անելը կլինի, սակայն լիարժեք պատկերը երևի թե չենք էլ իմանա»,- ընդգծեց փորձագետը։

Մհեր Հակոբյանի խոսքով՝ մինչ այս Ապրիլյանի մասով քննություն չէր կատարվում, քանի որ խոչընդոտներն ի սկզբանե քաղաքական էին։ 2016-ին, եթե ինչ-որ բան բացահայտվեր, ապա հնարավոր է՝ երկրի բարձրագույն ղեկավարությունը հայտնվեր ոչ բարենպաստ դիրքում։ Առնվազն կբացահայտվեր, որ մենք փաստացի ինչ-որ թերություն ենք ունեցել, իսկ դա, հայտնի պատճառներով, նախորդ իշխանություններին ձեռք չէր տալիս։ «Ներկայիս իշխանություններն էլ թեև հայտարարեցին, որ գնում են բացահայտման, բայց իրենք էլ շատ ու շատ դեպքերում կբախվեն ռազմական գաղտնիքի հետ, երբ քաղաքական ինչ-որ կոնյունկտուրաների հետ կապված ինչ-որ հաշիվներ կան»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Անդրեաս Ղուկասյանն այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ողջունում է քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծումը, որը կարող է լինել այն իրողության պաշտոնական ամրագրումը, որը վաղուց բացահայտված է։ «Նման հանձնաժողով ավելի շուտ չէր ստեղծվում՝ թերևս իշխանափոխության ներքին խոհանոցով պայմանավորված։

Ակնհայտ է, որ ապրիլյան պատերազմի հետ կապված բացահայտումներն ուղղված են լինելու Սերժ Սարգսյանի դեմ։ Հավանաբար, մինչ օրս հնարավոր չէր այդպիսի քայլեր անել, որոնք ուղղված լիենին Սերժ Սարգսյանի դեմ։ Տեսանք, որ Մարտի 1-ի գործով Սերժ Սարգսյանին մեղադրանք չառաջադրվեց, կոռուպցիայի հետ կապված գործերով նրա դեմ որևէ գործ չհարուցվեց։ Ես ենթադրում եմ, որ իշխանափոխության խոհանոցում է գտնվում այդ հարցի պատասխանը։ Երևի թե բարձր է գնահատվել նրա համաձայնությունը առանց ուժի, արյան իշխանությունը հանձնելու քայլը»,- ընդգծեց Ղուկասյանը։

Մեր դիտարկմանը ի պատասխան՝ հնարավոր կլինի՞ այս հանձնաժողովի շրջանակներում ամբողջությամբ վեր հանել քառօրյա պատերազմի բոլոր մութ դրվագները, Ղուկասյանը ասաց, որ դա կախված կլինի հանրային վերաբերմունքից։ Եթե հանրոթւոյւնը լինի հետևողական, ապա հանձնաժողովը չի կարող շրջանցել խնդրո առարկան։ «Տեսանք, որ Մարտի 1-ի գործով հաջողվեց իրավապահ մարմիններին հեռու պահել Սերժ Սարգսյանից, բայց ԱԺ հանձնաժողովը տարբերվում է ՀՔԾ-ից, դատախազությունից, և հանրային ազդեցությունը այդ հանձնաժողովի աշխատանքների վրա ավելի բարձր է ու կարող է արդյունք տալ»,-եզրափակեց նա։