Գլխավոր Նորություններ Ինչն է վտանգավոր և ում համար. գեներալը՝ վարչապետի կողքին

Ինչն է վտանգավոր և ում համար. գեներալը՝ վարչապետի կողքին

233

1in.am-ը գրում է. Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը վտանգավոր է համարում ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը: Այն, որ Վազգեն Մանուկյանը դա համարում է վտանգավոր, զարմանալի չէ, վաղուց զարմանալի չէ, առնվազն այն պահից, երբ Սերժ Սարգսյանն ու Վազգեն Մանուկյանը միմյանց «իդիոտ» էին որակում՝ 2007 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ, իսկ հետո միմյանց հետ աշխատում էին նախագահի և Հանրային խորհրդի նախագահի կարգավիճակներում: Այդ իմաստով, եթե Վազգեն Մանուկյանի համար ինչ-որ բան վտանգավոր է, ուրեմն հանրության և պետության համար՝ անհրաժեշտ է և շահեկան:

Ի դեպ, հետաքրքիր է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը, օրինակ, վարչապետ Փաշինյանի միտքը գնահատել է ոչ թե վտանգավոր, այլ ասել, որ այդ հանձնաժողովում պետք են պարզապես այնպիսի մասնագետներ, որոնք օգնեն ստանալ հարցերի ճշգրիտ պատասխաններ: Սա առավել կարևոր և ռացիոնալ դիտարկում է: Իհարկե, Բակո Սահակյանը գուցե փորձել է ավելորդ դեմ կարծիքով չգրգռել Ռոբերտ Քոչարյանի գործում հայտնի քայլից հետո առավել գրգռված հանրային տրամադրությունը, բայց բոլոր դեպքերում՝ Բակո Սահակյանի դիտարկումը անկասկած ռացիոնալ է:

Հարկ է հասկանալ, թե ինչ մասնագետների մասին է խոսքը: Առաջին հերթին, իհարկե, գալիս է ռազմական մասնագետների հարցը, որոնք պետք է կարողանան սկզբունքորեն գնահատել հայկական զինուժի այդ պահին պատրաստվածության, կառավարման համարժեքության, սպառազինության և մի շարք այլ այդօրինակ հարցեր՝ եզրակացնելու համար, թե ինչ սխալներ կամ բացթողումներ են եղել, որն է եղել դրանցում դիտավորություն, իսկ որը՝ անփութություն:

Միևնույն ժամանակ, Արցախի նախագահի հայտարարությունը բավականին ուշագրավ համատեքստ ունի այն իրողության ֆոնին, որ առկա է վարչապետ Փաշինյանի հնչեցրած գաղափաի կամ մտադրության ներքո: Փաշինյանը ամիսներ առաջ իր խորհրդական նշանակեց մարդու, որն ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ տեղեկատվական բազայի ամենից լավ տիրապետողներից մեկն է՝ Արշակ Կարապետյան, որը հետախուզության նախկին ղեկավարն է: Նա ղեկավարել էր բանակի հետախուզությունը Ապրիլյան քառօրյայի շրջանում և պաշտոնանկ եղավ դրանից հետո: Սերժ Սարգսյանը նրան հեռացրեց, սակայն առանց հստակ պատճառաբանության հրապարակման, թե որն էր հեռացնելու պատճառը:

Իհարկե, այստեղ գուցե կա ռազմական գաղտնիքի խնդիր: Միաժամանակ, հանրության շրջանում տարածվում էր միտք, որ հետախուզությունը վատ է աշխատել: Հեռացնելով Կարապետյանին՝ Սերժ Սարգսյանը, փաստորեն, կա՛մ տուրք տվեց այդ կարծիքին, կա՛մ օգտվեց դրանից և, այսպես ասած, քավության նոխազ դարձրեց նրան՝ փակելով այլ հարցեր:

Մյուս կողմից՝ ամիսներ անց էլ նույն Սերժ Սարգսյանն այդ մարդուն նշանակեց Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը աշխատանքի: Արդյոք դա Սարգսյանի յուրօրինակ «ներողությո՞ւնն» էր Արշակ Կարապետյանից՝ նրան քավության նոխազ դարձնելու համար, նրա լռության դիմաց:

Համենայն դեպս, թավշյա հեղափոխությունից հետո ամիսներ անց Նիկոլ Փաշինյանը Կարապետյանին վերադարձրեց և նշանակեց խորհրդական: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ակնարկում էին, որ մարտիմեկյան ցուցմունքի համար Կարապետյանը վարչապետի խորհրդականի պաշտոն է ստացել: Բայց, արդյոք, վարչապետի խորհրդականի կարգավիճակը այն կարգավիճա՞կն է, որով կարելի է գայթակղել որևէ գեներալի, այն էլ՝ Մոսկվայում գտնվող: Թե՞ Նիկոլ Փաշինյանը Հայաստան է վերադարձրել, այսպես ասած, կարևոր «տեղեկատվական բազա» մարմնավորող գեներալին:

Այդ հարցի պատասխանը, թերևս, բավականին բարդ է, սակայն այդ առիթով հետաքրքիր է Փաշինյանի մեկնաբանությունը, որ նա տվել էր լրագրողներին այդ նշանակման կապակցությամբ: Նա ասել էր, որ Ապրիլյան պատերազմի մասին վարչապետի պաշտոնից բխող հասանելիությամբ կարդացել է հարյուրավոր էջեր գաղտնի նյութեր, որոնցում, սակայն, չկա ոչ մի բան այն մասին, որ եղել է հետախուզական տվյալի խնդիր: Այլ կերպ ասած՝ հետախուզությունը լավ է աշխատել, այդ դեպքում ի՞նչն է վատ աշխատել, և դա առնչվում է ռազմակա՞ն, թե՞ արդեն այլ խնդիրների:

Այդ համատեքստում էլ հետաքրքիր է՝ ի՞նչ մասնագետներ նկատի ունի Բակո Սահակյանը, որոնք պետք է օգնեն հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությանը՝ հաշվի առնելով այն, որ առանցքային մի մասնագետ անմիջապես Նիկոլ Փաշինյանի կողքին է: