Գլխավոր Մամուլ ՀՅԴ-ն «լրջացրեց» Փաշինյանին Քոչարյանո՞վ, թե՞ առանց նրա

ՀՅԴ-ն «լրջացրեց» Փաշինյանին Քոչարյանո՞վ, թե՞ առանց նրա

128

1in.am- ը գրում է. ՀՅԴ-ն վերջին քսան տարվա ընթացքում թերևս առաջին անգամ փորձեց ինքնուրույն օրակարգ ձևավորել՝ Ազատության հրապարակում անցկացնելով հանրահավաք, որին, տարբեր հաշվարկաներով, մասնակցում էր մոտ երկու հազար քաղաքացի։

Զուտ մասնակցության առումով հանրահավաքը կարելի է կայացած համարել, եթե հաշվի առնենք այն օբյեկտիվ հանգամանքը, որ տակավին բարձր է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, ինչն օբյեկտիվորեն դժվարություններ է հարուցում ընդդիմադիր գործունեության ծավալման համար։ Մյուս կողմից՝ այսօրվա հանրահավաքի առումով պակաս կարևոր էր դրա մասնակիցների թիվը կամ նույնիսկ ելույթների բովանդակությունը, որովհետև վերջին օրերին ՀՅԴ-ն հանդես էր եկել մի քանի հայտարարություններով, որոնք ընդհանուր պատկերացում տալիս են ավանդական կուսակցության ընթացիկ դիրքորոշումների վերաբերյալ։

Երեսուն տարվա մեջ թերևս առաջին անգամ այս հանրահավաքը հավաքել է մեր քաղաքացիներին, մեր հանրությանը, որպեսզի իշխանություններին ասի՝ լրջացեք․ այսօր Ազատության հրապարակում նման հայտարարություն է արել ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Լրջանալու կոչեր Հայաստանի նորագույն պատմության մեջ, իհարկե, եղել են։ Օրինակ՝ 1997-ի վերջին Լևոն Տեր-Պետրոսյանը նման կոչով դիմեց քաղաքական ուժերին՝ ԼՂ խնդրով, սակայն թերևս համարեց, որ իր հորդորը հեռանկար չունի, ու հեռացավ իշխանությունից։ Այսօր ՀՅԴ-ն լրջանալու կոչ էր անում իշխանություններին՝ թերևս հասկացնելու համար հակառակը՝ որ վերադառնում է նոր կարգավիճակով։

Սակայն ինքնին կարևոր է հարցի պատասխանը, թե ո՞ր ՀՅԴ-ն է լրջանալու կոչ անում իշխանություններին, այն կուսակցությո՞ւնը, որ քսան տարի շարունակ եղել է քրեաօլիգարխիկ համակարգի քաղաքական շիրմաներից մեկը, թե՞ ռեբերնդինգի ենթարկված ՀՅԴ-ն, որը որակապես նոր ընդդիմություն դառնալու հայտ է ներկայացնում։

Մյուս կարևոր ինտրիգն այն էր, թե այսօրվա հանրահավաքի հետ ինչպիսի առնչություն ունի Ռոբերտ Քոչարյանը, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ կուսակցությունը հանրահավաքի մասին հայտարարեց երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխվելուց ու դրան հաջորդած բուռն իրադարձություններից հետո։

Առերևույթ Քոչարյանը հանրահավաքին ներկա չէր՝ բառի ուղիղ կամ փոխաբերական իմաստով, այլ խոսքով՝ ՀՅԴ-ն իրեն առավելապես փորձեց սահմանազատել նախկիններից կամ նրանց հետ ասոցացվող ուժերից ու գործիչներից։ Իհարկե, սա ինքնին ապացույց չէ, որ ՀՅԴ հանրահավաքը միայն սեփական օրակարգի դրսևորման արդյունք է ու չի տեղավորվում հին համակարգի ռեստավրացիայի գլոբալ համատեքստում։

ՀՅԴ բանախոսները մի քանի անգամ պնդեցին, թե անցյալին վերադարձ չի լինելու, և իրենք առանցքային ընդդիմություն լինելու հայտ են ներկայացնում։ Եթե տեսականորեն ընդունենք, որ հրապարակային հայտարարությունները համապատասխանում են կուսակցության իրական վարքագծին, ապա առնվազն տեղին է լինելու հարցադրումը, թե ո՞րն է ՀՅԴ այլընտրանքային տեսլականը՝ դա չմոռացված հի՞նն է, թե՞ նոր ընդդիմադիր շարժում նոր Հայաստանում՝ հեղափոխության օրակարգը չվիճարկելու հաստատակամությամբ։ Այս հարցադրումը թերևս ակտուալ չէր լինի, եթե այսօրվա ելույթներում ՀՅԴ-ն գնահատական տար վերջին քսան տարիների իր գործունեությանը։ Այդ պարագայում՝ մարդիկ իրավունք ունեն կարծել, որ ՀՅԴ-ն անկեղծ չէ, որովհետև այսօր ընդդիմադիր կեցվածքով բարձրաձայնում է այն հոռի երևույթների ու համակարգի դեմ, որոնք հիմնականում անցած քսանամյակի իր կոալիցիոն մասնակցության հետևանք են։

Մյուս կողմից՝ մի հանրահավաքը կամ նույնիսկ մի քանի հայտարարությունը բավարար չեն, որպեսզի մենք կարողանանք ամբողջական պատկերացում կազմել ՀՅԴ գործունեության, քաղաքական մոտիվացիայի մասին։ Այսօր հարթակից հնչած ելույթները, գնահատականները բավականին համարժեք էին, սակայն կարո՞ղ է ՀՅԴ-ն ձերբազատվել անցյալի տխուր ուրվականից, Քոչարյանի ու նախկին համակարգի այսօրվա հետապնդումներից ու դառնալ ինստիտուցիոնալ ընդդիմություն։ Այս հարցերի պատասխաններն այսօր մնացին բաց, եթե նույնիսկ ՀՅԴ-ն «դեղին քարտ» ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի թիմին՝ գրպանում ունենալով «կարմիրը»։ Ազատության հարապարակն ավելի բոցաշունչ ու աղմկոտ ելույթներ է լսել, սակայն դա ամենևին էլ չի հանգեցրել իրական այլընտրանքի ձևավորմանը։

Մենք նորից գալիս ենք ասելու, որ թույլ չենք տա, որ լինի մեկ կարծիք, քանի որ մեկ կարծիքը դիկտատուրա է, մեր երկրում դա բացառվում է՝ այսօր հարթակից ասում էին ՀՅԴ գործիչները։ Միանգամայն համարժեք ու ողջամիտ դիրքորոշում է, բայց որպեսզի հեղափոխության թիմից աստիճանաբար հիասթափվող մեր հասարակությունը, որն, անշուշտ, այլընտրանքի անհրաժեշտություն ունի, հավատա ՀՅԴ այսօրվա հայտին, ապա պետք է համոզված լինի, որ կուսակցությունն իրապես այրել է կամուրջներն անցյալի հետ, որն ամբողջանում է քրեօլիգարխիկ համակարգի զոռբայությամբ ու բեսպրեդելով։